Հայկական Roofbot դասական փազլ խաղն Apple ընկերության կողմից բոլոր երկրներում ստացել է գլոբալ առաջխաղացման իրավունք (featured)՝ «Լավագույն նոր խաղեր» անվանակարգում:
Խաղը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Կանադայի AppStore-երում:
Խաղը հասանելի է ինչպես AppStore-ում (վճարովի՝ $2.99), այնպես էլ Google Play-ում:
Խաղը մշակած Koreez ընկերությունը հիմնադրվել է 2016թ. մարտին խաղերի մշակման ոլորտում աշխատող ընկերների՝ Սարգիս Սարգսյանի, Արբակ Մարտիրոսյանի, Անուշ Առաքելյանի եւ Խաչատուր Բադալյանի կողմից: Յոթ աշխատակից ունեցող թիմում ընդգրկված են ծրագրավորողներ, նկարիչներ եւ գեյմ դիզայներներ:
Itel.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը նշել է, որ AppStore-ում գրանցած հաջողությանը նպաստել է իրենց համագործակցությունը խաղերի զարգացմամբ զբաղվող ամերիկյան Double Coconut ընկերության հետ:
«Roofbot-ում գլխավոր հերոսը՝ ռոբոտը, տեղափոխում է երկրաչափական տարբեր առարկաներ եւ պետք է դրանք տեղադրի իրենց համապատասխան վայրերում։ Խնդրի հետաքրքրությունն այն է, որ միջավայրը փոխվում է ռոբոտի շարժմանը համընթաց: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է Google Play-ում օգոստոսի 13-ին։ Նշեմ, որ խաղը մասնակցել է Google-ի կազմակերպած Indie game festival-ին եւ հայտնվել եզրափակչում»,- պատմել է Սարգիս Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենց թիրախային լսարանը 18-35 տարեկան գլուխկոտրուկ (փազլ) խաղերի սիրահարներն են։
Ընկերությունը պլանավորում է Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ խաղի թեմատիկ թարմացում ներկայացնել, որտեղ նոր փուլեր կավելացվեն: Խաղն առաջիկայում կգործարկվի համակարգչային Steam հարթակի համար։
Նարինե Դանեղյան
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը