13:45 | 02.11.16 | Նորություններ | 12042
«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով «Ռոստելեկոմ» ընկերության երեկվա հաղորդագրությանը, որում նշվում էր, որ նոյեմբերի 1-ից «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցրել է «Ռոստելեկոմ» ցանցի միջոցով «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊԸ-ի կողմից «Արմենիա», «Աթիվի» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունների վերահեռարձակման պայմանագիրը։
««Պանարմենիան Մեդիա Գրուպը» բանակցային լայն գործընթաց է սկսել կաբելային հեռարձակում ապահովող օպերատորների հետ «Արմենիա», «Աթիվի» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունների հեռուստատեսային արտադրանք թողարկող ստեղծագործական խմբերի շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Տարիներ շարունակ կաբելային օպերատորներն անվճար վերցրել են մեր հեռուստաընկերությունների արտադրանքը եւ վաճառել այն։ Մենք այդ երեւույթին միշտ ըմբռնումով ենք մոտեցել, որովհետեւ կարեւորել ենք մեր սոցիալական պատասխանատվությունը հեռուստատեսային արտադրանքը հնարավորինս լայն հանրությանը մատչելի դարձնելու հարցում։
Այսօր արդեն փաստ է, որ հեռուստատեսային հեռարձակման թվայնացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ամենաբարձր որակով անվճար դիտելու մեր ծրագրերը, եւ դա մեզ ոգեւորում է։ Հետեւաբար` այսօր մենք արդեն հորդորում ենք կաբելային ծառայություն մատուցող մեր գործընկերներին կա՛մ դադարեցնել վճարովի հեռարձակումը, կա՛մ դրա պայմանները համաձայնեցնել մեզ հետ։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին խնդրի կարեւորությունն ընդունելու համար եւ հույս ենք հայտնում, որ դրա լուծմանն ուղղված բանակցային գործընթացները երկար չեն տեւի»,- ասված է «Պանարմենիան Մեդիա Գրուպի» հայտարարությունում: