15:29 | 31.10.16 | Նորություններ | 9873

Ucom-ը «Պահենք երեխաներին ընտանիքում»-ի շրջանակում աջակցել է եւս մեկ ընտանիքի

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս եւս աջակցել են մեկ ընտանիքի` կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում:

Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող չորս զավակների մայր Էլմիրայի ընտանիքին:

«Ucom Հիմնադրամն ամեն ամիս կրկնապատկում է Ucom ընկերության բաժանորդների հանգանակած գումարը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում այս ծրագիրն իրականացնել մեր գործընկեր՝ Վորլդ Վիժնի օգնությամբ։ Նրանք են գտնում եւ աշխատում ծայրահեղ աղքատության մեջ հայտնված խիստ խոցելի ընտանիքների հետ, եւ մեր բաժանորդների շնորհիվ այս ընտանիքներն ստանում են առաջնային կարիքները հոգալու մինիմալ հնարավորություններ», - ասել է Ucom Հիմնադրամի գլխավոր տնօրեն Աշոտ Բարսեղյանը։

«Ucom Հիմնադրամի հետ միասին իրականացնում ենք մի այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս ծայրահեղ աղքատության մեջ հայտնված ընտանիքների համար ստեղծել նվազագույն կարիքներն ապահովող պայմաններ եւ կայուն եկամտի հնարավորություն, որը թույլ է տալիս այդպիսի ընտանիքներին իրենց երեխաներին չուղարկել, կամ հետ վերադարձնել գիշերօթիկ հաստատություններից», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը։