14:01 | 18.10.16 | Նորություններ | 9348

Սահմանապահ Բերդի 15 պատանի ուսանում է «Թումո Դիլիջանում»

Սահմանապահ Բերդ քաղաքի 15 պատանի հնարավորություն է ստացել մեկ տարի մասնակցելու «Թումո Դիլիջանի» կրթական ծրագրին:

Սա հնարավոր է դարձել է շնորհիվ Բերդի տարածաշրջանի կանանց ռեսուրսային կենտրոն-հիմնադրամի Անահիտ Բադալյանի եւ «Հայրենիքի զարգացման հիմնադրամի Թիմըթի Սթրեյթի նախաձեռնած դրամահավաք-ակցիայի:

«Դրամահավաք-արշավն իր նպատակին հասել է մեկ շաբաթում, սակայն կազմակերպիչներն ավելիին են ձգտում՝ փորձելով հնարավորինս շատ պատանիների ամեն շաբաթ «Թումո» հասցնել: Բացի դրանից, ցանկացած հավելյալ գումար թույլ կտա հեռավոր շրջաններում ապրող պատանիներին այցելել «Թումոյի» չորս կենտրոններից մեկը»,- ասված է հաղորդագրությունում:

Նախաձեռնությանը կարելի է միանալ այստեղ:

Պատանիները «Թումո Դիլիջան» են այցելում ամեն կիրակի՝ մասնակցելու կենտրոնի կրթական ծրագրին: Ուսանողների համար կազմակերպվել է հատուկ դասընթաց, որի շրջանակում նրանք սկսել են ծանոթանալ գրաֆիկական դիզայնի հիմունքներին:

«Բերդը մայրաքաղաքից շատ հեռու է: Այն մեկուսացված շրջան է, ու Ադրբեջանի հետ ամենաերկար սահմաններից մեկը: Շատ կարեւոր է զարգացնել տեղացի երիտասարդների մտածողությունն ու պատրաստել իրենց ապագային: Այստեղի պատանիները միշտ փնտրում են նոր նախագծեր ու զբաղմունքներ, որոնք կարող են իրենց ոգեւորել: Մենք էլ չէինք կարող իրենց «Թումո» հասցնելու մի հնար չգտնել»,- ասել է նախաձեռնության հեղինակ Անահիտ Բադալյանը:

«Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ Բերդի երիտասարդները «Թումո» են գալիս, բայց սա մեզ համար ընտիր օրինակ է շատ ավելի աշխատելու ու ավելի շատ պատանիների «Թումո» հասցնելու համար: Մենք արդեն մտածում ենք հաջորդ քայլի մասին»,- ասել է «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազեանը:   

«Նախկինում երբեք մտքովս չէր անցել, որ կարող եմ գրաֆիկական դիզայներ դառնալ, բայց այս դասընթացից հետո հետաքրքրվեցի դիզայնով ու կարծում եմ՝ կփորձեմ ավելին իմանալ դրա մասին»,- նշել է Բերդի պատանիներից 15-ամյա Լեւոն Մելիքյանը: