13:07 | 06.10.16 | Նորություններ | 4037

Երեւանում կանցկացվի մատչելի վայրերի քարտեզագրման մափաթոն

Երեւանում հոկտեմբերի 8-ին կկայանա մատչելի վայրերի քարտեզագրման բացօթյա մափաթոնը, որը կազմակերպում են ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիան եւ Հայկական ճամբար ՀԿ-ն:

Մափաթոնը կմեկնարկի ժ.11:00-ին՝ Արամի 72 հասցեից:

Կոլբա Լաբից տեղեկացրել են, որ սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ եւ բոլոր ոչ անտարբեր անձինք կարող են կարող են միանալ Երեւանի մատչելի վայրերի քարտեզագրմանը, գրանցվելով matcheli.am կայքում կամ ներբեռնելով Matcheli Vayrer մոբայլ հավելվածը:  

Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաեւ քարտեզագրման փորձ ունենալը պարտադիր չէ:
 
Հարկավոր է նկարել ձեզ հանդիպած մատչելի վայրը, նշել հասցեն «Մատչելի վայրերի» քարտեզի վրա եւ նկարագրել, թե ինչու է այն մատչելի: Սա հնարավորություն կտա օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին եւ նույնիսկ հեծանվորդներին՝ տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:
 
Քարտեզագրման մասնակիցների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղություններով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Քարտեզագրման ակտիվ մասնակիցներին սպասվում են նվերներ:
 
Հիշեցնենք, որ Matcheli Vayrer մոբայլ հավելվածը մշակվել է ՄԱԶԾ/Կոլբա լաբ նորարարական լաբորատորիայում: Կոլբա լաբը նորարար գաղափարների ինկուբատոր է, որտեղ ինկուբացվում են սոցիալական խնդիրները լուծելու նորարար եղանակներ, փորձարկվում ծրագրերի մոդելներ/նախատիպեր, ծնվում են նոր գաղափարներ եւ ստեղծվում սոցիալական ստարտափեր: