Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախին
14:44 | 07.09.16 | Նորություններ | 13875
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է սոցցանցերում ընթացող քննարկումները, որոնց համաձայն՝ ՌԴ-ում արգելափակվող որոշ կայքեր պարբերաբար անհասանելի են դառնում նաեւ Հայաստանի տարածքում:
«Սոցցանցերում վերջերս շատ էր քննարկվում, որ, օրինակ, ՌԴ-ում արգելափակել են Rutracker-ը, ինչի պատճառով մեր բաժանորդների որոշակի հատված եւս չի կարողանում մուտք գործել այդ կայք: Նշում էին, իբրեւ թե ՌԴ օրենսդրությունը գործում է նաեւ Հայաստանի տարածքում: Դա այդպես չէ, ՌԴ օրենսդրությունը որեւէ կապ չունի Հայաստանի հետ: Դա տեղի է ունենում հետեւյալ պատճառով՝ ռուսական ինտերնետ կայքերը շատ տարածված են Հայաստանում, հետեւաբար, մենք՝ որպես երկիր, գտնում ենք պրովայդերներ, որոնք մեզ կտրամադրեն ծառայություններ, որպեսզի մեր բաժանորդներին առաջարկենք լավագույն օպտիմալ գները: Մեր համաձայնագրերում շեշտում ենք, որ եթե ՌԴ-ում որեւէ կայք փակում են, դա Հայաստանի վրա չպետք է տարածվի, սակայն, դժբախտաբար, այդ պրովայդերների մի մասը չի կարողանում այդ գործընթացն արագ իրականացնել, եւ այդ է պատճառը, որ նման սահմանափակումներ երբեմն մեր բաժանորդների որոշակի հատված զգում է»,- պարզաբանել է Անդրեյ Պյատախինը:
Նա նշել է, որ Հայաստանում Beeline-ը աշխատում է միայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
«Մենք ոչինչ չենք սահմանափակում. այն, ինչ պետք է մեր բաժանորդներին, տրամադրում ենք: Դժբախտաբար, պարբերաբար դժվարություններ ի հայտ են գալիս: Սա տեղի է ունենում բոլոր պրովայդերների դեպքում, կարեւորն այն է, որ մենք արագ դրանք հաղթահարում ենք», -եզրափակել է Beeline-ի գլխավոր տնօրենը: