11:58 | 06.09.16 | Նորություններ | exclusive 13381

Հայտնի են #Accelerate2030-ում Հայաստանից առաջադրված նախագծերը

#Accelerate2030 միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլի շրջանակում կայացել է կիսաեզրափակիչը, որտեղ 11 թիմերից ընտրվել են լավագույն 3-ը:  

Հայաստանից առաջադրված լավագույն 3 նախագծերն են NewsDeeply-ն, One Armenia-ն եւ Dasaran.am-ը: 11 թիմերից յուրաքանչյուրն ունեցել է 3 րոպե ժամանակ՝ իր ծրագիրը ներկայացնելու համար:
 
Հաջորդ փուլի ընթացքում միջազգային ժյուրին գնահատելու է 10 երկրներից ներկայացված հայտերը եւ ընտրելու է լավագույն 5-ին՝ մասնակցելու Ժնեւում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 9-ին:

#Accelerate2030-ն անցկացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Impact Hub-ի միասնական ջանքերով:

Impact Hub Երեւանի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սառա Անջարգոլյան

Ընտրության ժամանակ կարեւորել ենք նախագծերի նորարարական մասը, կայուն զարգացման նպատակներին առնչությունը, բիզնես մոդելը: Բիզնես մոդելի բացակայությունը անհնար է դարձնում նախագիծը հաջորդ մակարդակ տանելը: Կարեւորվել են նաեւ ընդլայնումը եւ ազդեցությունը, թե որքանով գաղափարները կարող են տարածելի լինել աշխարհում: Հաջորդ կարեւոր բաղադրիչն էլ թիմն է:

«Կոլբա» լաբի ղեկավար Մարինա Մխիթարյան

Ենթադրենք, մտածում ենք ինչ-որ մոդելների մասին, եւ ասում, օրինակ, One Armenia-ն Հայաստանում ֆանտաստիկ բան է անում: Ինչպե՞ս է դա հնարավոր կիրառել, օրինակ, Քենիայում: Արդյունքում գտանք շատ մոդելներ, որոնք հնարավոր է տեղայնացնել այլ երկրներում: Իհարկե, կան նաեւ գաղափարներ, որոնք շատ լավ են գործում Հայաստանում, սակայն լոկալ են: Մեզ ուրախացրեց, օրինակ, NewsDeeply-ն, որը Հայաստանում ստեղծված հարթակ է, եւ նորությունների մատուցման լիովին նոր մոդել է իրենից ներկայացնում»:

One Armenia-ի հայաստանյան համակարգող Անահիտ Գալստյան

Ժնեւում կայանալիք միջոցառմանը մասնակցությունը One Armenia-ին հնարավորություն կտա միջազգային մակարդակով ներկայացնել ոչ միայն մեզ, այլեւ Կայուն զարգացման նպատակների իրականացումը Հայաստանում:

NewsDeeply-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփինե Գրիգորյան

Շատ կուզենանք այլ սոցիալական ձեռնարկությունների հետ շփվել, որոնք նմանատիպ գործ են անում եւ աշխատում նման թիրախների հետ՝ մեդիայի ոլորտում: Մեզ համար շատ կարեւոր է շփումը եւ ճանաչումը, որը կնպաստի նոր հարթակների ստեղծմանը:  

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյան

Շատ ուրախ ենք, որ Dasaran կրթական ծրագիրը, մասնակցելով Accelerate 2030 միջազգային մրցույթին, կարող է հնարավորություն ստանալ՝ մասնակցելու Ժնեւում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին եւ աշխարհին ներկայացնելու իր նորարարական հաջողված մոդելները կրթության ոլորտում: Մեր գործունեությամբ նպատակ ունենք Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնել ոչ այնքան որպես Ցեղասպանություն վերապրած, որքան ժամանակակից կրթական մոդելներ ստեղծող եւ արտահանող երկիր:
***
#Accelerate2030 հարթակի նպատակն է աջակցել եւ օժանդակել աշխարհում առավել խոստումնալից հանրօգուտ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը: