16:57 | 01.09.16 | Նորություններ | 9960

Մեկ տարում Թումո Ստեփանակերտ է հաճախել 1000 պատանի

Գործունեության մեկ տարվա ընթացքում Թումո Ստեփանակերտ է հաճախել ավելի քան 1000 պատանի:

ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության արդյունքում ձեւավորված կենտրոնում մեկ տարվա ընթացքում անցկացվել է 22 դասընթաց՝ անիմացիայից մինչեւ ծրագրավորում:

Ոլորտի առաջատար մասնագետների վարած 7 աշխատարանների ընթացքում պատանիները սովորել են լուսանկարել իտալացի լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոյի հետ, ծրագրավորել ռոբոտներ Թումոյի իսպանացի ընկեր Ջուզեպ Ֆարգասի օգնությամբ, ստեղծել Արցախի մասին պատմող կայք` Zoom Graphics-ի Սամվել Չոբանյանի եւ Մոնթե Հակոբջանյանի հետ, փաստագրել իրենց հայրենիքը ԱՄՆ-ից եկած լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանի հետ, եւ այլն:

Թումո Ստեփանակերտի առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրը:

«Ինձ հարցնում էին՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, արդյոք լա՞վ ժամանակ է Ստեփանակերտում Թումո բացելու համար: Իմ պատասխանն է՝ հիմա լավագույն ժամանակն է: Մեր ուսանողները պիտի օգտագործեն սովորական առօրյա ունենալու, իրենց ու իրենց հայրենիքի պայծառ ապագայի վրա կենտրոնանալու  յուրաքանչյուր հնարավորություն: Արցախը ոչ սկսվել է, ոչ էլ վերջանալու է վերջին տասնամյակների զարգացումներով: Մենք հավատում ենք՝ այն ունի մեծ ապագա, ու բաց չենք թողնում այդ ապագայի մի մասը լինելու հնարավորությունը»,- ասել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Մենք հպարտ ենք լինել այս հաջողության մի մասը: Այսօր, երբ նորարարությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները կենտրոնական դեր են խաղում Հայաստանի զարգացման մեջ, մեր գլխավոր նախապատվությունն է ներդնել ստեղծարար մտածողության ոլորտում, եւ երիտասարդ տաղանդներին ոգեշնչել ինովացիոն մասնագիտություններ ընտրել»,- ասել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ եւ կենտրոնական խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը: