11:30 | 28.08.16 | Նորություններ | 6184

Հայաստանում ռուս ծրագրավորող է ձերբակալվել

Հայաստանում ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվել է ռուս ծրագրավորող Սերգեյ Միրոնովը:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով բերման ենթարկվածի փաստաբանին:

Փաստաբանի խոսքով, ռուսաստանցին ձերբակալվել է ռազմական տեխնոլոգիաների անօրինական փոխանցման եւ փողերի լվացման մեղադրանքով: Սակայն, փաստաբանի խոսքով, Միրոնովը գաղտնի տեխնոլոգիաներին չի առնչվել եւ Ռուսաստանում աշխատել է մի ընկերությունում, որը կապ ունի «Ռուսական երկաթուղիներ»-ի եւ մետրոպոլիտենի հետ։

«Իմ պաշտպանյալ Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել է կնոջ հետ Մոսկվայից Երեւան թռիչքի ժամանակ՝ Հայաստանի անվտանգության ծառայության կողմից։ Նրա՝ բերման ենթարկմանը վերաբերող հարցում ուղարկվել է ԱՄՆ։ Ներկայում նա գտնվում է մեկուսարանում»,- նշել է Միրոնովի փաստաբանը։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ռուսական Ինտերպոլում Միրոնովի հետախուզմանը վերաբերող տեղեկատվությունը բացակայում է։