12:39 | 09.08.16 | Հոդվածներ | exclusive 19951

Plexonic-ը նոր խաղ է գործարկել՝ Melon Splash

Խաղերի ծրագրավորմամբ զբաղվող Plexonic հայկական ընկերությունը գործարկել է «3 շարքում» ոճին պատկանող Melon Splash նոր խաղը:

Անվճար խաղը հասանելի է App Store-ում, Google Play-ում եւ Facebook-ում:

Plexonic-ի տնօրեն Գեւորգ Սարգսյանը Itel.am-ին պատմել է, որ Melon Splash-ը խաղացողին ներգրավում է փոքրիկ կենդանիների փրկության արկածային պատմության մեջ: Արդյունքում խաղացողը ուժեղ զգացմունքային կապ է հաստատում խաղի հերոսների հետ։



«Խաղը բաղկացած է մի քանի քարտեզներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունը եւ խոչընդոտները։ Փուլերը բազմազան են եւ առաջարկում են հաղթահարել տարբեր խոչընդոտներով ու գլուխկոտրուկներով լի դաշտերը տարբեր ճանապարհներով: Ուժեղացուցիչները պարզ են եւ հասկանալի, բայց միեւնույն ժամանակ՝ շատ հզոր են։ Խաղը ստեղծելու ընթացքում փորձել ենք ցուցաբերել նորովի մոտեցում, քանի որ շուկայում արդեն իսկ առկա են մեծ քանակով այդպիսի խաղեր եւ այն մարդկանց համար, որոնք մշտապես խաղում են «3 շարքում» խաղեր, տարբերությունները ակնհայտ են եւ մեծ նշանակություն ունեն»,- պատմել է նա:


Գեւորգ Սարգսյանը նշել է, որ խաղը դեռեւս փորձնական թողարկված է մի քանի երկրում ՝ Հայաստան, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Կանադա։ Ստացված արդյունքները, նրա խոսքով, հնարավորություն կտան հասկանալ շուկայի արձագանքը, հավասարակշռել փուլերը, ուղղել առաջացող խնդիրները։

«Այս ոճի խաղերի թիրախային շուկան հիմնականում կանայք են, սակայն մենք փորձել ենք ստեղծել այսպիսի խաղ, որը իր ինքնատիպությամբ կկարողանա հետաքրքրություն առաջացնել բոլոր օգտատերերի մոտ»,- տեղեկացրել է Plexonic-ի տնօրենը:

Խոսելով խաղի ներբեռման ցուցանիշների մասին՝ նա ընդգծել է, որ դրանք արդեն իսկ գոհացնում են, եւ այս տեմպով շարունակվելու դեպքում խաղը շուտով հասանելի կլինի նաեւ այլ երկրների համար։

Նարինե Դանեղյան