12:43 | 01.08.16 | Հոդվածներ | exclusive 16269
Wealthbot-ը ֆինանսական խորհրդատվության եւ կապիտալի կառավարման անվճար ռոբոտ համակարգ է, որն օգտագործվում է շուրջ 50 միջազգային կազմակերպության կողմից:
Itel.am-ի հետ զրույցում թիմի հայ անդամ Տիգրան Ազատյանը նշել է, որ Wealthbot-ի վրա աշխատում է միջազգային մեծ թիմ:
«Պրոդուկտի թիրախում արեւմտյան շուկան է, հետագայում նաեւ՝ Չինաստանն ու Հնդկաստանը, որտեղից արդեն իսկ առաջարկներ կան։ Ներկայում ես զբաղվում եմ ծրագրային կոդի որակի բարձրացմամբ եւ զարգացման ռազմավարության մշակմամբ»,- պատմել է Տիգրան Ազատյանը:
Նրա խոսքով՝ իրենք լուծում են ֆինանսական խորհրդատվական կազմակերպությունների գործողությունների ավտոմատացման խնդիրը: Թիրախում կապիտալի կառավարմամբ զբաղվող ընկերություններն են, ՏՏ մասնագետները՝ նոր մոդելներ ստեղծելու նպատակով:
«Ներկայում թարմացնում ենք համակարգը՝ կոդը դարձնելով ավելի կատարյալ, քանի որ ցանկացած ծրագրային թերություն լրջորեն ազդում է ծրագրի վարկանիշի վրա: Այդ պատճառով օգտագործում ենք բաց կոդի որակավորման համակարգ: Ամեն ինչ թափանցիկ է։ Մեր թիմին կարող է միանալ ցանկացած ՏՏ մասնագետ։ Հետագա քայլերը դեռեւս գաղտնիք են»,- նշել է Տիգրան Ազատյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը կարելի է ներդնել ցանկացած համակարգչի վրա, առանց վեբ սերվերի եւ տվյալների բազա տեղադրելու: Գործընթացը հնարավոր է իրականացնել VirtualBox վիրտուալիզացիայի համակարգի միջոցով՝ 30 րոպեում:
«Wealthbot-ի առաջնային նպատակը բացառապես ազատ ծրագրային ապահովում ստեղծելն է, այլ ոչ թե ֆինանսական: Այն ուղղված է շուկայի բարելավմանը, սակայն այս ծրագիրն ինքնին ստեղծում է մի քանի բիզնես֊ մոդել, որոնք կարելի է կիրառել նաեւ գումար աշխատելու համար։ Ընդհանրապես, եթե ստարտափի առաջնային նպատակը ֆինանսական է, ապա կարելի է ենթադրել, որ այդ ստարտափը չի դառնա հաջորդ Apple-ը: Ստարտափի հիմնական նպատակը պետք է լինի միջավայրը, երկիրը, աշխարհն ավելի լավը դարձնելը»,- ընդգծել է Տիգրան Ազատյանը:
Նարինե Դանեղյան