07:49 | 19.07.16 | Հոդվածներ | exclusive 4269

Չորս խորհուրդ ստարտափներին՝ Հայկ Ասրիյանցից

Itel.am-ը ներկայացնում է «Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիր եւ նախագահ Հայկ Ասրիյանցի խորհուրդները վաղ շրջանի տեխնոլոգիական ստարտափներին:   

Lուծե՛ք իրական խնդիրներ

Գրեթե յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ կամ մի քանի բիզնես-գաղափար է ունենում, եւ մեզանից ամենահամարձակները փորձում են դրանք իրականացնել: Սակայն սկսելուց առաջ խորհուրդ եմ տալիս պատասխանել թերեւս ամենակարեւոր հարցին. ձեր ստեղծած ապրանքը կամ ծառայությունը որեւէ մեկին անհրաժե՞շտ է լինելու, կամ այլ կերպ ասած՝ այն որեւէ իրական խնդիր լուծելո՞ւ է, մարդկանց կյանքը բարելավելո՞ւ է, դարձնելո՞ւ է այլ բիզնեսների, կազմակերպությունների, կառավարման մարմինների գործունեությունն ավելի արդյունավետ: Պատասխանելու համար բավական է բացահայտել այն մարդկանց կամ կազմակերպությունների խումբը, որի համար փորձում եք խնդիր լուծել, եւ նրանց հետ քննարկել, թե որքանով են նրանք կարեւորում այդ խնդրի լուծումը:

Օգտվե՛ք բիզնես-մոդելի կանվայից

Բիզնես-մոդելի կանվան մշակել է շվեյցարացի Ալեքսանդր Օսթերվալդերը՝ 470 համահեղինակների հետ: Իմ կարծիքով՝ այն ցանկացած ստարտափի հիմնադրման (եւ նույնիսկ արդեն իսկ գոյություն ունեցող բիզնեսի համար) ամենահարմար եւ օգտակար գործիքն է:

Այն թույլ է տալիս 9 փոխկապակցված տարրերի միջոցով տրամաբանորեն եւ համակարգված ներկայացնել՝ ի՞նչ խնդիր է լուծում եւ ի՞նչ արժեք է ստեղծում ստարտափը, ո՞ր հաճախորդների համար, ի՞նչ ճանապարհներով են իրականացվելու վաճառքը եւ առաջխաղացումը, ինչպե՞ս են սպասարկվելու հաճախորդները, ի՞նչ առանցքային քայլեր է պետք ձեռնարկել գործունեությունը սկսելու եւ շարունակելու համար, ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ դրա համար, ի՞նչ գործընկերներ, մատակարարներ, հարթակներ են անհրաժեշտ, եւ իհարկե բյուջեն՝ նախատեսվող ծախսերը եւ եկամուտները:

Կանվան լրացնելը եւ լրացնելու ընթացքում փոփոխություններ կատարելը շատ կարեւոր վարժություն է. այն օգնում է հիմնադիրներին ավելի իրատեսական դարձնել գաղափարները:

Առաջնորդվե՛ք Bootstrapping-ով

Հայաստանում եւ արտասահմանում բազմաթիվ ստարտափների հետ աշխատելիս նկատել եմ, որ նրանցից շատերի պատկերացումները՝ կապված բիզնեսի հիմնադրման ծախսերի հետ, բավական անիրատեսական են՝ չափազանցված: Բյուջեում ներառում են համակարգիչներ, թեեւ ունեն լափթոփներ, կամ գրասենյակի վարձակալություն, թեեւ նախնական փուլում կարող են հանդիպումներ ունենալ ու աշխատել սրճարանից, հիմնադիրներից մեկի տանը, կամ եթե ուսանողներ են՝ համալսարանում:

Bootstrapping-ը հենց այն քայլերն են, որոնք թույլ են տալիս նվազեցնել կախվածությունն արտաքին ֆինանսավորումից եւ ձեռքի տակ եղած ռեսուրսներով սկսել բիզնեսը: Եւս մեկ օրինակ. եթե ձեզ ծրագրավորող է անհրաժեշտ եւ կարծում եք, որ պետք է վարձեք նրան եւ ամեն ամիս վճարեք աշխատավարձ, ապա bootstrapping-ով առաջնորդվելու դեպքում կարող ենք քննարկել այլ տարբերակ. գտնել ծրագրավորող, որը կհամաձայնվի դիմել ռիսկի եւ դառնալ համահիմնադիր՝ աշխատավարձի փոխարեն ստանալով ձեր ստարտափի որոշ բաժնեմաս կամ վարձատրություն, այն ժամանակ, երբ ստարտափը կհասնի որոշակի հաջողության:

Գտե՛ք մենթոր 

Հայաստանի ձեռներացական էկոհամակարգում մենթորների կամ խրատատուների ներգրավվածությունը միայն վերջերս է սկսել կարեւորվել: Մի քանի տարի առաջ մենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ Երեւանում անցկացրինք խրատատուների որակավորման դասընթացներ, եւ այսօր հպարտությամբ կարող եմ փաստել, որ մասնակիցներից շատերն այսօր էլ տրամադրում են իրենց ժամանակը ու ուղղորդում, կիսվում փորձով սկսնակ ձեռներեցների հետ:

Սակայն պարտադիր չէ, որ մենթորը ֆորմալ որակավորում ունենա. բիզնես համայնքում կան բազմաթիվ հաջողակ ձեռներեցներ, բանկիրներ, թոփ մենեջերներ, խորհրդատուներ, որոնց արժեքային համակարգում մեծ տեղ է զբաղեցնում ձեռներեցական էկոհամակարգի, բիզնես միջավայրի, եւ ավելի լայն՝ մեր տնտեսության եւ պետության զարգացումը: Ավելին, նրանք պատրաստ են լինել խրատատու սկսնակ ձեռներեցների համար. պարզապես անհրաժեշտ է կապ հաստատել նրանց հետ, ովքեր ձեզ ոգեշնչում են, նշանակել հանդիպում, ներկայացնել ձեր թիմը եւ նախագիծը, եւ եթե համակրանքը փոխադարձ լինի՝ ուշադիր լսել նրանց խրատները: