04:56 | 09.07.16 | Նորություններ | 2336

Arm Cyber Kids թիմը կմեկնի Դելի

Հուլիսի 8-ին առաջին անգամ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրեց ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան։

Մրցույթին մասնակցեց 9 թիմ Հայաստանի տարբեր դպրոցներից ։

Մրցույթի ընթացքում թիմերը նախ փորձեցին իրենց ուժերը նախընտրական փուլերում, ապա մեկնարկեց եզրափակիչ փուլը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթող ճանաչվեց Arm Cyber Kids հավաքական  թիմը, որը նոյեմբերին կմեկնի Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու այնտեղ Հայաստանը։

«Այս մրցույթով «Այբ» հիմնադրամը փորձում է հնարավորինս շատ հայ երեխաների բերել ռոբոտիկայի աշխարհ։ Այն հնարավորություն է տալիս աշակերտներին առաջին քայլերն անելու ռոբոտաշինության և ճարտարագիտության մեջ, բացահայտելու իրենց ներուժն այդ ոլորտներում։ Ռոբոտիկան նոր սերնդի մոտ այսօրվա ու վաղվա մարտահրավերներն ընդունելու և դրանք հաղթահարելու գործում շահադրդման գերազանց ճանապարհ է»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ) «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած դպրոցական միջազգային բազմաթիվ մրցույթներից մեկն է։ Մրցույթը նպատակ ունի աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, աշակերտներին տալ հնարավորություն՝ դպրոցում ռոբոտների և ռոբոտային համակարգերի ուսումնասիրության միջոցով ընդարձակելու իրենց մտահորիզոնը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հիանալի հարթակ է 21-րդ դարում արդիական գիտելիքներն ու հմտությունները յուրացնելու համար։ Այն գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող նախագիծ է։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, և նրան մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21000 թիմ։