07:52 | 07.07.16 | Նորություններ | exclusive 4405

    Ալեքսիս Օհանյանի արհեստական բանականությունը «կօգնի» ՀՀ-ում ՏՏ կրթության զարգացմանը

    Հայաստանում եւ Սան Ֆրանցիսկոյում գործող 1AI Solutions ստարտափը ստեղծել է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի արհեստական բանականությամբ տարբերակը՝ այն անվանելով «Ավեդիս Օհանյան», հաղորդում է Yahoo.com-ը:

    Ընկերությունն ուսումնասիրել է Ալեքսիս Օհանյանի իմացական գործընթացների վերջին 5 տարիները՝ որոշումներ կայացնելու գործընթացները եւ խոսելու սովորությունները՝ դրանք վերարտադրելու նպատակով: Օգտագործվել է նաեւ 3D պրինտինգ՝ Ալեքսիսի մարմինը վերարտադրելու համար:

    Ալեքսիս Օհանյանը, տարածելով Yahoo.com-ի հրապարակումը, գրել է.

    «Համոզված չեմ, որ աշխարհը սրան պատրաստ է, նաեւ միգուցե ցանկանաք տեսնել այն արշավը, որը սա խելացիորեն ներկայացնում է: Զվարճալի փաստ՝ Ավեդիսը իմ մեծ պապիկի անունն է»:



    «Դուք կարող եք 3D պրինտավորել ամեն ինչ, բայց չեք կարող 3D պրինտավորել ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալներին: Եկեք այնպես անենք, որ Հայաստանն ունենա իրական ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալներ՝ ապահովագրելու իր ապագան»,- ասվում է նախագծի մասին պատմող տեսանյութում:  

    Նախագծի հեղինակ ONEArmenia կազմակերպությունում Itel.am-ին ասել են, որ արհեստական բանականությամբ Ավեդիս Օհանյանը «ստեղծվել է»՝ ուշադրություն հրավիրելու համար Հայաստանում ՏՏ մասնագետների առկա պահանջարկի եւ ՏՏ կրթության կարեւորության նկատմամբ: 

    «Եթե երեխաները կարողանան որակյալ կրթություն ստանալ, ապա դա կխթանի նաեւ այս ոլորտում աշխատատեղերի ստեղծումը: Ցանկանում ենք, որ մարդիկ գիտակցեն կրթության կարեւորությունը»,- նշել են ONEArmenia-ում:

    Հիշեցնենք, որ շարունակվում է ONEArmenia կազմակերպության Hye Tech Kids դրամահավաք-արշավը, որի նպատակն է խթանել Հայաստանում տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը: Այս պահին հավաքվել է շուրջ $14 800: Նպատակակետն է մինչեւ հուլիսի 13-ը հավաքել $58 000: 

    Հավաքված գումարով ONEArmenia-ն` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համատեղ, հինգ դպրոց կսարքավորի Armath դասասենյակով: Վերջինս Հայաստանում ստեղծված տեխնոլոգիական կենտրոն է, որը ներառում է 3D տպիչ, CNC սարքեր, hand-made մինի համակարգիչներ, ռոբոտաշինության լրակազմ ու կոդավորման երկու կրթական ծրագիր: