07:42 | 30.06.16 | Նորություններ | 4218

    World StartUp Cup-ի եզրափակիչը կկայանա Վաշինգտոնում

    Այս տարի World StartUp Cup-ի եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 3-5-ը Վաշինգտոնում, որին Հայաստանից կմասնակցի Armenia StartUp Cup 2015-ի հաղթող HY Pictures-ը:

    Հայկական պատվիրակության կազմում են նաեւ Armenia StartUp Cup 2015թ. գլխավոր հովանավոր «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան, հայկական ստարտափներ եւ ձեռնարկատիրական էկոհամակարգի ներկայացուցիչներ, հրեշտակ ներդրողներ, վենչուրային մասնագետներ եւ այլն:

    «Այ Էյ Բի»-ում նշել են, որ շուրջ 1000 սկսնակ բիզնեսներ եւ ՓՄՁ-ներ մասնակցություն են ունեցել 65 ազգային մրցույթներում, որոնց արդյունքում յուրաքանչյուր երկրից ընտրված ֆինալիստները կմասնակցեն World StartUp Cup 2016-ին: Վերջիններս ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները:

    World StartUp Cup 2016-ը եռօրյա բարձր ինտերակտիվ միջոցառում է, որը ներառում է առաջին WECREATE գագաթաժողովը: Տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ եւ կազմակերպիչներ կկիսվեն իրենց անձնական պատմություններով, համայնքներում կանանց ազդեցության մեծացման հիմնախնդիրներով եւ այլն:

    StartUp Cup-ը ձեռնարկատիրական հավաքագրման ծրագրի համաշխարհային ցանց է, որի միջոցով ձեռնարկատերերը հզորացնում են համայնքները եւ ստեղծում ձեռնարկատիրական էկոհամակարգ:

    Առաջին World StartUp Cup-ն անցկացվել է Երեւանում 2014թ.: