14:03 | 21.06.16 | Նորություններ | 1326

Տեխնոլոգիաներ ուսումնասիրող մեծահասակներին շնորհվել են ավարտական հավաստագրեր

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում այսօր մեծահասակ ուսանողներին շնորհվել են ավարտական հավաստագրեր:

Արդեն երկրորդ անգամ մեծահասակների համար իրականացվող համակարգչային բազային գիտելիքների դասընթացի նպատակն է օգնել մեծահասակներին շարժվել ժամանակին համընթաց՝ օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից:

‹‹Մենք իրականացնում ենք ծրագրավորման տարբեր դասընթացներ, որակավորման բարձրացման բազմաթիվ կուրսեր: Եվ բնականաբար ավելի ակտիվ են եւ կրթական ծրագրերից ավելի հաճախ օգտվում են հենց երիտասարդները: Սակայն մենք որոշեցինք մեր ուշադրությունը սեւեռել նաեւ  ծնողների, տատիկ, պապիկների վրա. չէ որ նրանք նույնպես ուզում են լինել ժամանակակից, իրազեկ եւ ետ չմնալ երիտասարդներից››,- նշել է Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:

Դասընթացի արդյունքում մեծահասակ ուսանողները կարողանում են ինքնուրույն կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի եւ սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել եւ գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ եւ այլն), կապ հաստատել ընկերների եւ ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով եւ այլն: