11:47 | 16.06.16 | Նորություններ | 5619
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, որոնք պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաեւ որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը:
2004-ից ի վեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում:
«Ողջունելի եւ խոստումնալից է, որ կայացրել եք այս որոշումը եւ այցելել եք հայրենիք: Որտեղ էլ որ ապրեն հայերը` Հայաստանում թե Սփյուռքում, նրանք պետք է հոգան երկրի տնտեսական առաջընթացի եւ բարօրության մասին: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետեւողական եւ աշխատասեր: Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ եւ մեր երկրի հանդեպ անձնական ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: