10:56 | 16.06.16 | Նորություններ | 1815

9-րդ «ԴիջիԹեք»-ը կառանձնանա օրակարգի բազմազանությամբ

Հունիսի 17-ին կմեկնարկի 9-րդ «ԴիջիԹեք» երկօրյա բիզնես ֆորումը, որի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման, ռազմարդյունաբերության եւ անվտանգության հիմնախնդիրներն են:

Ֆորումի շրջանակում կիրականացվեն ռազմարդյունաբերական համալիրի եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ: Ֆորումն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի նաեւ էլեկտրոնային կառավարման եւ ֆինանսաբանկային հիմնախնդիրներին:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ այս տարի ֆորումում քննարկվելու է լրիվ նոր իրավիճակ՝ ինչպես կազմակերպել Հայաստանի նոր ռազմաարդյունաբերությունը՝ հենվելով երկրում գործող տեխնոլոգիական ընկերությունների վրա, ինչպես ապահովել կիբեր անվտանգությունը, ինչպիսի պետական միջոցառումներ են պետք այդ ամենին հասնելու համար:

«Քննարկումները բերելու են նոր առաջարկությունների: Ֆորումի հիմնական արդյունքը կլինի առաջարկություններ հավաքելը, ճիշտ ռազմավարական առումով դասավորելը եւ կառավարությանը ներկայացնելը: Այս տարի ցուցահանդեսային տարածքների վերանորոգման պատճառով չկարողացանք զուգահեռ ցուցահանդես անցկացնել: Հուսով ենք, եկող տարի կլրացնենք այդ բացը, քանի որ դա միջացառման կարեւոր հատված է: Այս տարի կկենտրոնանանք հիմնականում ավելի պրոբլեմային քննարկումների եւ սեմինարների վրա: Այս տարի օրակարգը շատ ավելի բազմազան է՝ սկսած ռազմարդյունաբերությունից եւ մաքուր տեխնոլոգիաներից՝ մինչեւ մարդկային ռեսուրսներ եւ կիբեր անվտանգություն: Ունենք մեծ պատվիրակություն Արեւելյան Եվրոպայից»,- ընդգծել է Կարեն Վարդանյանը:

«Ապրիլյան դեպքերից հետո որոշեցինք ուշադրությունը սեւեռել հենց ռազմարդյունաբերությանը եւ քննարկումներին, որտեղ ՏՏ ոլորտը եւ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել այն գաղափարները, որ ունեն այդ հարցերի շուրջ: ԻՏՁՄ-ն արդեն իսկ բավական մեծ ակտիվությամբ զբաղվում է այդ հարցերով, եւ մենք ունենք շուրջ 300 մասնագետ, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ հարցում՝ թե մասնագիտական եւ թե ծրագրային լուծումների առումով: Հուսով ենք, որ ֆորումի ընթացքում կհասնենք որոշակի արդյունքների: Լինելու են նաեւ ֆինանսական ոլորտի, կիբեռ անվտանգության եւ այլ թեմատիկ քննարկումներ»,- նշել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր հերթին նշել է, որ 2015թ. կարելի է համարել այն տարեթիվը, երբ ՏՏ-ն Հայաստանում մտավ արտադրության ոլորտ, իսկ լուծումները սկսեցին փոխել մարդկանց կենցաղը:

«Հաշվի առնելով ռազմական իրավիճակը՝ տեղեկատվական անվտանգության ոլորտը դարձել է ոչ միայն պաշտպանողական, այլեւ հարձակվողական ոլորտ, հետեւաբար՝ արդեն եկել է ժամանակը, որ Հայաստանը կիրառի կիբեր զենքերը եւ կիբեր բանակը»,- նշել է նա: 

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումն անցկացվում է 2008-ից: