13:41 | 10.06.16 | Նորություններ | exclusive 3341
Հայ ծրագրավորողները գործարկել են ScoreBot անձնական բոտը (պատասխանների ավտոմատ համակարգը), որը հնարավորություն է տալիս Facebook Messenger-ի միջոցով տեղեկանալ Եվրո 2016-ի հանդիպումների բոլոր մանրամասների մասին:
Գործառույթը հասանելի կդառնա այսօր՝ ժամը 21:00-ից:
Itel.am-ի հետ զրույցում ScoreBot-ի մշակողներից Նարեկ Հովսեփյանը նշել է, որ բոտը, օգտագործելով մեսենջերի հնարավորությունները, հարցումներին կարողանում է պատասխանել տարբեր ֆորմատներով՝ տեքստի, նկարների եւ հատուկ կոճակների միջոցով։ Ավելին, հնարավորություն կա բոտի տված ինֆորմացիան ուղարկել մեսենջերի միջոցով ընկերներին՝ համապատասխան ֆուտբոլային խաղը քննարկելիս։
«Բոտի հետ շփման լեզուն անգլերենն է, որը հնարավորություն է տալու ֆուտբոլասերներին ամբողջ աշխարհից օգտվել այս հնարավորությունից։ Հաշվի առնելով, որ, ըստ վիճակագրության, մեսենջերի օգտագործողների թիվն ավելանում է, եւ ֆուտբոլասերների քանակն էլ ահռելի մեծ է ամբողջ աշխարհում, կարծում ենք՝ որակով ծառայություն մատուցելու դեպքում կունենանք բավականին մեծ յուզերների քանակ»,- նշել է Նարեկ Հովսեփյանը:
ScoreBot-ի մյուս մշակողներից Գոռ Մաթեւոսյանը պատմել է, որ բոտի ստեղծման գաղափարը առաջացել է, երբ տեղեկացել են, որ Facebook-ը պատրաստվում է իր մեսենջեր պլատֆորմայի API ստեղծել, որը իր հերթին հնարավորություն կտար ստեղծել բոտեր՝ տարբեր նպատակներով:
«Թիմում 4 հոգի ենք (նաեւ՝ Սերգեյ Ասրյան ու Արամայիս Խաչատրյան - խմբ.) եւ լինելով մոլի ֆուտբոլասեր՝ մտածեցինք ստեղծել բոտ, որի միջոցով հնարավոր է հետեւել թոփ մրցաշարերի խաղերի հաշիվներին՝ դուրս չգալով մեսենջերից։ Այլ կերպ ասած՝ համատեղել ֆուտբոլը եւ շփումը ընկերների հետ»,- ընդգծել է նա:
Նարինե Դանեղյան