13:15 | 19.05.16 | Նորություններ | 10733

Ucom-ի զարգացման գծով տնօրենը ելույթ է ունեցել ԵԱՀԿ բիզնես համաժողովում

Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը մասնակցել է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում անցկացվող «Փոխկապակցում ի նպաստ առեւտրի ու ներդրումների» բիզնես համաժողովին: 

«Ucom ընկերության ներկայացուցիչները ոչ միայն մասնակցել են այդ վարկանիշային եւ բարձրակարգ համաժողովին, այլեւ միեւնույն հարթակում, ներկայացնելով Հայաստանը,  հանդես են եկել ելույթով եւ քննարկել գլոբալ կարեւորության խնդիրներ այնպիսի անվանի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Google-ը, Alcatel-Lucent-ը, Օքսֆորդի համալսարանը, Deutsche Telekom-ը եւ այլ հայտնի հաստատություններ»,- ասված է հաղորդագրությունում: 

«Տվյալների ազատ փոխանցումը կարեւոր եւ արդիական խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար: Մեր երկիրը բավականին մեծ փորձ ունի որպես հաղորդակցության եւ տվյալների փոխանցման տարանցիկ գոտի:  Այժմ էլ Հայաստանը հանդիսանում է Եվրոպայից դեպի Մերձավոր Արեւելք, կապի ապահովման եւ տվյալների փոխանցման հիմնական երկիր: Միեւնույն ժամանակ, մենք պարբերաբար նոր ուղիներ եւ լուծումներ ենք փնտրում թվային հաղորդակցության զարգացման եւ նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ»,- ասել է Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը: