09:14 | 17.05.16 | Նորություններ | 4257
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ HALO TRUST-ը համագործակցում են՝ կազմակերպելով պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթաց:
Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները եւ բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը:
Հիշեցնենք, որ HALO TRUST-ը ականազերծման եւ կասետային զինամթերքի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:
Երկշաբաթյա աշխատարանը կանցկացվի Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում: Աշխատարանի մասնակից ուսանողները կծանոթանան փաստագրական լուսանկարչության հիմունքներին՝ հայտնի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանի ղեկավարությամբ, որն առաջին անգամ ուսուցանել է «Թումո» Երեւանում 2013-ին:
Աշխատարանի ընթացքում ուսանողները կստեղծեն Ղարաբաղի բնության, կյանքի եւ մարդկանց մասին պատմող ֆոտոպատմություններ: Պատմությունները կկենտրոնանան HALO TRUST-ի կողմից ականազերծված տարածքների, դրանց բնակիչների եւ Ղարաբաղի կյանքի ապահովության համար պայքարող նվիրյալ անձնակազմի շուրջ:
«Անասելի ոգեւորված եմ Ղարաբաղ եւ «Թումո» վերադարձիս կապակցությամբ: Հակամարտության վերջին շրջանի սրացումը կրկին ընդգծեց HALO TRUST-ի աշխատանքի կարեւորությունը Ղարաբաղի համայնքների ապահովության երաշխավորման գործում, ինչպես նաեւ այս հիանալի վայրը աշխարհին ներկայացնելու անհրաժեշտությունը: Ուրախ եմ այս երկու թեմաների լուսաբանման շուրջ նման հրաշալի ուսանողների հետ աշխատելու համար: Անհամբեր սպասում եմ նրանց արդյունքներին»,- ասել է Սկաուտ Թուֆանկջյանը՝ ամփոփելով դասընթացի առաջին օրը:
Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն ֆոտոշարքեր Ղարաբաղի մասին, որոնցից լավագույնները կցուցադրվեն Հայաստանում եւ ԱՄՆ-ում:
Դասընթացը կանցկացվի 2016թ. մայիսի 12-21-ը: Մայիսի 19-ին՝ ժ. 20:00-ին, Սկաուտ Թուֆանկջյանը կպատմի իր «Գոյություն ունի միայն Երկիրը. լուսանկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» գրքի եւ իր լուսանկարչական փորձառության մասին: Դասախոսությունը տեղի կունենա Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում: Մուտքն ազատ է: