11:45 | 16.05.16 | Նորություններ | 1717

Վեբ դիզայնի ամառային դպրոցն ընդունում է հայտեր

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հունիսի 6-ից հուլիսի 11-ը կազմակերպում են Վեբ դիզայնի Ամառային դպրոցի ծրագիր՝ 13-17 տարեկանների համար:

ՁԻՀ-ում նշել են, որ ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, որոնք մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական կայքի գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան եւ այլն):

Մանրամասները հասանելի են այստեղ: Դիմելու վերջնաժամեկտը հունիսի 3-ն է:

Հինգ շաբաթվա ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի եւ դիզայնի վրա, ինչպես նաեւ կներկայացվի բազային մարքեթինգը: Վերջին եւ առանցքային քայլը կլինի HTML եւ CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը եւ կառուցումը: 

Այս ընթացքում մասնակիցներին կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ուղղություն՝ մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան կայք մշակելու համար: Թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` կինոդիտման եւ խաղերի տեսքով:

Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կոնֆերանսների դահլիճում` Power Point Presentation-ի միջոցով: Ծնողները եւ հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել կայքի վերջնական ներկայացմանը:

Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ եւ վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր:

Ամառային դպրոցի հիմնական թեմաներն են՝ Web ծրագրավորում, գրաֆիկա եւ դիզայն, կարողությունների զարգացում, փորձի փոխանակման սեմինարներ: