08:25 | 27.04.16 | Նորություններ | 4685

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ անցկացվել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը:

Ինչպես 2010-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվում է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

«Այս միջոցառումը ներառում է իր մեջ փոփոխության, լավատեսության, վերածնունդի խորհուրդը. մի քանի օր առաջ՝ սրտի մորմոքով այստեղ բերված ծաղիկներն այսօր վերածվելու են գեղեցիկ բացիկների, որոնց վրա երախտագիտության խոսքեր կգրվեն, մի մասն էլ կօգտագործվի հողի մշակման համար, որի վրա նոր ծառեր կաճեն: Կարեւոր է վառ պահել հիշողությունը, սակայն պետք է նայել առաջ եւ ստեղծել նորը, դառնալ ավելի ուժեղ եւ գիտակից՝ ինքներս մեր եւ մեր շրջապատի հանդեպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: