12:25 | 21.04.16 | Նորություններ | 4619

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Պարույր Սեւակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը:

Արարատ մարզի Պարույր Սեւակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով: Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը եւ համայնքի բնակիչներ:

«Մարզերում ենթակառուցվածքների զարգացումը ոչ միայն կարեւոր, այլեւ անհրաժեշտ պայման է՝ զարգացման ճանապարհով գնալու համար: Գուցե, տարբեր երկրներին հատուկ օրինաչափություն է դարձել շքեղ մայրաքաղաք կառուցելը: Մեզ համար, սակայն տնտեսական, սոցիալական բեւեռացումն արդարացված լինել չի կարող: Ներկայանալի քաղաքների կողքին անհրաժեշտ է ունենալ տարրական պայմաններով ապահովված գյուղեր: Այս ծրագիրը մասամբ լուծում է այդ հարցը: Հաճելի է արձանագրել, որ երկկողմ համագործակցությամբ կարողացել ենք փոքր-ինչ օգտակար լինել այս համայնքի բնակիչներին եւ մեր երկրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: