10:31 | 14.03.16 | Նորություններ | 909

Թուրքիան կրկին արգելափակել է սոցցանցերը

Անկարայի դատարանն արգելափակել է Թուրքիայի տարածքից մուտքը սոցցանցեր, այդ թվում՝ Twitter եւ Facebook, այն բանից հետո, երբ երեկ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում՝ ավտոբուսի կայարանում, ահաբեկչություն է տեղի ունեցել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս որոշումը բացատրվել է նրանով, որ սոցցանցերի օգտատերերը հրապարակում են լուսանկարներ եւ տեսանյութեր` զոհերի լուսանկարներով:

Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 30-ից ավելի մարդ, վիրավորվել՝ շուրջ 125-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ականապատված ավտոմեքենան պայթել է երկու ավտոբուսների արանքում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն բախվել է ավտոբուսներից մեկին:

Ավելի վաղ Թուրքիայի հեռուստատեսության եւ ռադիոյի բարձրագույն խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակել տեղի ունեցած ահաբեկչության լուսաբանումը: Մասնավորապես, եթերում արգելվել էր խոսել ահաբեկչության վայրի մասին եւ հրապարակել զոհերի լուսանկարները: 

Հիշեցնենք, որ Թուրքիան պարբերաբար արգելափակում է իր քաղաքացիների համար սոցցանցերի մուտքը: