11:12 | 10.03.16 | Նորություններ | exclusive 3457

Նոր ծրագիրը կօգնի հայկական ստարտափներին ներկայանալ Սիլիկոնյան հովտում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), ՀՀ կառավարությունը եւ Համաշխարհային բանկը` Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում են Հայաստանում եւ ԱՄՆ-ում նախատեսված աշխատանքների միջոցով ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացման ծրագրի մեկնարկը:
 
CEED հիմնադրամից Itel.am-ին տեղեկացրել են, որ «Էլ. հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագրի» շրջանակում անցկացվող մրցույթը միտված է նորաստեղծ կամ նոր ապրանքատեսակ ստեղծող ընկերություններին:

Զարգացման փուլում մասնակիցները դասընթացների, խորհրդատվության եւ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ կստանան ՀՀ-ում եւ ԱՄՆ-ում: 

Արդյունքում կընտրվի 5 ընկերություն, որոնք հունիսի սկզբին կհրավիրվեն մասնակցելու Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, պատվիրատուների եւ աքսելերատորների հետ կապեր հաստատելու նպատակով:  

CEED հիմնադրամում նշել են, որ մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ աշխատել CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների եւ ներդրողների հետ:

Ծրագրի ընթացքում քննարկվելիք թեմաներից են՝

- Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային,
- Պատվիրատուների հետ հարաբերությունների կազմակերպումը,
- Ապրանքատեսակների ներկայացումը,
- Ընկերության աճը եւ չափման համակարգը:

Առաջատար ձեռնարկատերերն ու փորձագետները կուղղորդեն մասնակիցներին հետեւյալ հարցերում՝

-Կքննարկեն շահույթը ստանալու հնարավոր աղբյուրները:
-Կօգնեն մշակել շուկայում ներկայանալու ռազմավարությունը:
- Կպատրաստեն արտասահմանյան ներդրողների եւ պատվիրատուների հետ աշխատելու:
- Կաջակցեն հետագա քայլերը պլանավորելու գործընթացում:

Դիմումները հարկավոր է լրացնել մինչեւ մարտի 15-ը այստեղ:

CEED հիմնադրամում ընդգծել են, որ նախապատվությունը կտրվի մշակված ապրանքատեսակ ունեցող ընկերություններին:

Ծրագիրը մեկնարկելու է այս ամիս եւ ավարտվելու է մայիսին, ինչին հաջորդելու են Սիլիկոնյան հովտում աշխատանքները:

Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը եւ անգլերենը: