15:33 | 09.02.16 | Նորություններ | 1655
Ամփոփվել են «Ռուսական արջուկ» եւ «Մեղու» մրցույթների արդյունքները, որոնք անցկացվել են «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով:
2015թ. նոյեմբերի 12-անցկացված «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթին մասնակցել է Հայաստանի եւ Արցախի 326 դպրոցների 2-12-րդ դասարանների 8640 աշակերտ:
Մրցույթում հաղթել է Վալենտինա Արզումանյանը (3-րդ դասարան, Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց), մրցանակների է արժանացել 371 աշակերտ, որոնցից 44-ն արձանագրել է լավագույն արդյունք:
2015 թ. նոյեմբերի 5-ին Հայաստանում եւ Արցախում երկրորդ անգամ անցկացվել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը: Մրցույթին մասնակցել է Հայաստանի եւ Արցախի 1001 դպրոցների 3-12-րդ դասարանների 41606 աշակերտ։ Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Անժելա Մաթեւոսյանը (4-րդ դասարան, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ)։
Բացի հաղթողից՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 308 աշակերտ։ «Այբ» հիմնադրամի կողմից հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվելու եւս 905 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան հաղթող կամ պատվոգրակիր երեխաներ:
Ընդհանուր առմամբ, 1213 աշակերտ այս տարի կարժանանա «Մեղու»-ի մրցանակներին:
Փետրվարի 10-16-ը միաժամանակ կկայանան «Ռուսական արջուկ 2015»-ի եւ «Մեղու 2015»-ի մրցանակաբաշխությունները։
«Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները կայցելեն Հայաստանի տարբեր քաղաքներ եւ Ստեփանակերտ, մասնակից դպրոցներին կհանձնեն դպրոցի եւ մասնակից աշակերտների հավաստագրերը, մրցանակակիր երեխաներին` մրցանակները, իսկ լավագույններին` նաեւ պատվոգրեր: