14:27 | 23.12.15 | Նորություններ | exclusive 3536

Microsoft-ն ահազանգում է չարտոնագրված պրոդուկտների վտանգի մասին

Microsoft կորպորացիան կրկին ահազանգում է չարտոնագրված պրոդուկտների օգտագործման վտանգների մասին:

Itel.am-ին «Microsoft Հայաստան»-ից տեղեկացրել են, որ չարտոնագրված ծրագրային ապահովումների, այդ թվում՝ չարտոնագրված Windows-ի կիրառումը, ավելացնում են օնլայն մաքսանենգության ռիսկերը:

«Խոսքը, օրինակ, անձնական ինֆորմացիայի կամ բանկային քարտերի գաղտնաբառերի գողությանն է վերաբերում: Չարտոնագրված Windows-ի գործածումը նվազեցնում է նաեւ հուսալիությունը եւ համակարգի կատարողականությունը»,- նշել են ընկերությունում: 

Microsoft-ի ԱՊՀ-ի ծրագրային ակտիվների կառավարման եւ արտոնագրման վերահսկման հարցերով տնօրեն Դմիտրի Բերեսնյովի խոսքով՝ չարտոնագրված արտադրանք օգտագործող ավելի քան 3000 մարդ օրական դիմում է կորպորացիայի սպասարկման կենտրոններ՝ խնդրելով օգնել վերադարձնել քարտերից գողացված գումարները կամ անձնական այլ տեղեկատվություն: 

«Դժբախտաբար, Microsoft-ը չի կրում պատասխանատվություն չարտոնագրված պրոդուկտների կիրառման դեպքում առաջացած խնդիրների համար: Այդ պրոդուկտներն ակտիվորեն տարածվում են ցանցում: Դրանցից ամենահայտնիները ավելի քան 60 վտանգավոր ծրագրեր են՝ ստեղծված ինֆորմացիայի գողացման նպատակով: Մենք ակտիվորեն պայքարում ենք այդ երեւույթի դեմ եւ բոլոր ցանկացողներին տալիս ենք հնարավորություն՝ մեզ հետ միասին պայքարելու»,- նշել է Դմիտրի Բերեսնյովը:  

Microsoft-ում հիշեցրել են, որ «Ներբեռնել անվճար windows» անունով 100-ից 92 որոնումները հանգեցնում են համակարգչային վիրուսով վարակմանը կամ գաղտնի ինֆորմացիայի կորստի:

Microsoft Հայաստան-ը հիշեցնում է, որ հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել ceenmsamc@microsoft.com էլփոստով: