11:28 | 16.12.15 | Նորություններ | 3736
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Սյունիքի մարզի Լոր համայնքն այսուհետ ապահովված կլինի 24-ժամյա ջրամատակարարմամբ:
Գյուղում կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել է օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:
«Սեփական փորձից գիտեմ՝ ինչ է նշանակում տանը խմելու ջուր չունենալ: Հիշողությանս մեջ 80-ականների պատերազմական Բեյրութի «կյանքի ճանապարհի» պատկերներն են. ես եւ կրտսեր եղբայրներս ջրի տարաներով զինված ամեն օր գնում էինք հարեւան թաղամասից ջուր բերելու: Կարելի է ապրել գազ, էլեկտրականություն եւ անգամ ջեռուցման պայմաններ չունեցող տանը, բայց առանց խմելու ջրի հնարավոր չէ ապրել: Ոչինչ չի կարող փոխարինել ջրին: Երջանիկ ենք կիսելու համայնքի բնակիչների՝ շուրջօրյա ջրամատակարարում ունենալու բերկրանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: