Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձել է Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարին:
«Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարն ազգային ծրագրերի ներուժ ունի, եւ հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել »,- կառավարության նիստին ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ ՏՀՏ-ի գործատուների միության հետ՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել գաղափարը եւ ներկայացնել առաջարկություններ:
Օրերս նորաստեղծ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել էր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձեւավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը, որն առաջարկում էր մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա, Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում: