15:27 | 24.11.15 | Հոդվածներ | exclusive 2496

Գյումրիի բյուջեն՝ օնլայն եւ թափանցիկ

2015թ. սեպտեմբերի վերջին գործարկվել է Գյումրիի վիզուալ բյուջեի էլեկտրոնային հարթակը, որի նպատակն է այցելուին իրազեկել համայնքային բյուջեին վերաբերող հարցերի մասին:

Գյումրին Հայաստանում առաջին քաղաքն է, որի համայնքային բյուջեն ներկայացված է համացանցում ինտերակտիվ կայքի միջոցով:

Gyumribudget.am կայքը ստեղծվել է «Կոմպասս» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը՝ համայնքի վիզուալ բյուջե» ծրագրի շրջանակում:

Itel.am-ի հետ զրույցում «Կոմպաս» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը պատմում է, որ կայքում կարելի է գտնել բյուջեների եկամուտները եւ ծախսերն արտացոլող կլորակներ, որոնք բացվելով՝ ցույց են տալիս եկամուտների ու ծախսերի կազմն ու կառուցվածքը` եռամսյակային կտրվածքով:

Նրա խոսքով՝ հարթակը լուծում է 2 հիմնական խնդիր՝ բյուջեի հրապարակայնության եւ թափանցիկության ապահովում, ինչպես նաեւ բյուջեի բոլոր գործընթացներում քաղաքացիների կողմից մասնակցության ապահովում:

«Նման հարթակ ունենալու գաղափարն առաջացել է դեռ 2013թ., երբ որպես անհատ հետազոտողներ իրականացնում էինք Գյումրի համայնքի բյուջեի վերլուծություններ: Կենտրոնի հիմնումից ի վեր տարբեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ չնայած համայնքի բյուջետային տվյալները հրապարակվում են, սակայն քաղաքացիների համար պարզ, մատչելի չլինելու եւ այլ պատճառներով դրանք որեւէ կերպ չեն դիտվում, իսկ քաղաքացիների ստվար մեծամասնությունը տեղյակ չէ համայնքի բյուջեի եկամուտներից ու ծախսերից: Էստոնիա կատարած ուսուցողական այցի ընթացքում էլ ուսումնասիրվեց կայքի միջոցով բյուջեի տվյալների վիզուալացման այնտեղ կիրառվող փորձը»,- պատմում է նա:

Ղարիբ Հարությունյանի խոսքով՝ արդյունքում մշակվել է ծրագիրը, որը դոնոր կառույցներից աջակցություն ստանալուց հետո ներկայացվել է որպես էլեկտրոնային հարթակ:

Կայքի միջոցով քաղաքացիների հարցերին պարբերաբար պատասխանում է կենտրոնի ֆինանսական փորձագետը` ըստ անհրաժեշտության Գյումրիի քաղաքապետարանից համապատասխան ճշտումներ կատարելուց հետո:

Ղարիբ Հարությունյանը հավելում է, որ հետագայում նախատեսում են ընդլայնել կայքի գործառույթները, եւ կենտրոնանալ համայնքի բյուջեի ծախսերից ստացված արդյունքների ու իրականացված ծրագրերի վրա:

«Կայքում նախատեսում ենք արտացոլել այդ ծախսերի իրականացման հիմնական արդյունքների վերաբերյալ նյութեր, լուսանկարներ եւ այլն՝ այն դարձնելով նաեւ մշտադիտարկման գործիք հանրային գումարների ծախսման համար»,- եզրափակում է նա:

Ներկայում կայքի օրական այցելուների միջին թիվը 50 է:

Նարինե Դանեղյան