Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի շրջանակում գործող Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նախաձեռնել է ավագ սերնդի ներկայացուցիչների համար համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման դասընթաց:
Այն նախատեսված է այն մեծահասակների համար, որոնք չունեն համակարգչից օգտվելու փորձառություն, սակայն ունեն մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ աջակցող եւ ոգեւորող միջավայրում:
«Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից եւ ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաեւ մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար: Այս դասընթացին մասնակցելու արդյունքում նրանք հնարա¬վորություն կունենան ինքնուրույն հասկանալ եւ կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլփոստի եւ սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել եւ գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ եւ այլն), կապ հաստատել ընկերների եւ ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով եւ այլն»,- ասված է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Դասընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: