15:36 | 18.11.15 | Նորություններ | 4815

Beeline-ը բացահայտել է ինտերնետ կապի խափանումների պատճառը

Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության ինտերնետ կապի խափանումների պատճառը, որոնք բաժանորդների մոտ դիտարկվել են ընթացիկ տարվա սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին, եղել է Երեւանի թվով 158 շենքերի մուտքերից օպտիկամանրաթելային մալուխների գողությունը:

Գողացվել է մոտ 9 կմ երկարությամբ մալուխ, իսկ ընկերությանը հասցված վնասը գերազանցում է 12 մլն դրամը:

«Այժմ, երբ հետաքննությունը մոտենում է ավարտին, ընկերությունը կարեւոր է համարում օպտիկամանրաթելային FTTB ինտերնետի բաժանորդների հետ կիսվել ինտերնետ կապի խափանումների պատճառներով եւ բոլոր մանրամասներով: Վնասված եւ գողացված մալուխներն օպերատիվ կերպով վերականգնելու նպատակով մենք հատկացրել ենք լրացուցիչ միջոցներ, որոնք հաշվարկվում են միլիոններով: Այս ներդրումները մեզ հնարավորություն տվեցին նվազագույնի հասցնել հանցագործների գործողությունների հետեւանքները, իսկ վերահսկողության նոր համակարգը` օպերատիվ կերպով արձագանքել խափանումների, վնասների եւ  գողությունների դեպքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Հայաստանում Beeline-ի անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Խառաշիլովն էլ տեղեկացրել է, որ կա երկու ձերբակալված: Նրանք խոստովանել են իրենց մեղքը եւ ներկա պահին համագործակցում են հետաքննության հետ: