17:13 | 10.11.15 | Նորություններ | 2033

Մեկնարկել է ՏՏ ընկերությունների շախմատի մրցաշարը

Նոյեմբերի 9-ին բացվել է «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության  եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի կազմակերպած՝ ՏՏ ոլորտի ընկերությունների 2015թ. շախմատի մրցաշարը:

«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ բացմանը ներկա են եղել գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը, Լեւոն Արոնյանը եւ Սմբատ Լպուտյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ մրցաշարի մասնակից 19 կազմակերպությունների 22 թիմերը:

Գրոսմայստերները ողջունել են ՏՏ-ի եւ շախմատի միավորումը եւ հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին:

«Գիտեք, մենք մտածող ազգ ենք: Հայերն ուժեղ են ինչպես շախմատից, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաներում, եւ երկու ոլորտներում էլ ունենք իրական նվաճումներ:  Իսկ, երբ այս երկու ոլորտները միավորվում են, դա իսկապես հրաշալի է»,- նշել է Լեւոն Արոնյանը: 

Բացման արարողության ժամանակ թիմերի ավագները ներկայացրել են իրենց կազմակերպությունը եւ թիմի անդամներին, այնուհետ Լեւոն Արոնյանի օգնությամբ տեղի է ունեցել վիճակահանություն, եւ որոշվել են 1-ին տուրի զույգերը:

Մասնակիցներից ոմանք նաեւ հնարավորություն են ունեցել իրենց ուժերը փորձելու Լեւոն Արոնյանի հետ:

Մրցաշարի առաջին խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժ. 12:00-16:00-ը, երկրորդը՝ նոյեմբերի 21-ին՝ ժ. 12:00-16:00-ը, Շախմատի ակադեմիայում (Շեւչենկո 34):

Մրցաշարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել chess.arm.synisys.com կայքում: