16:34 | 12.10.15 | Նորություններ | 1071

STEP վենչուրային կոնֆերանսը միավորել է 26 ստարտափի

Այսօր Երեւանում Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսի շրջանակում 26 թիմ ներկայացնում է տեղեկատվական, բարձր եւ մաքուր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ճարտարագիտության ոլորտներում մշակած իր նախագծերը:

ՁԻՀ-ում հայտնել են, որ հաղթող թիմերը CRDF Global-ից կստանան $6000, իսկ էկոնոմիկայի նախարարությունից՝ 2 մլն 800 հազ. դրամ:

Արդեն 9-րդ անգամ իրականացվող մրցույթը նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների եւ տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար: 

«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):

Նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաեւ տեղեկատվական, հաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում նորարարական գաղափարների առեւտրայնացմանը:

Բացի տրամադրվող ուղղակի աջակցությունից՝ հաղթող թիմերին նաեւ կկցվեն մենթորներ ԱՄՆ-ից՝ գործարարության զարգացման եւ/կամ խորհրդատվության նպատակով։ Մենթորները նախապես կընտրվեն CRDF Global-ի գործարարության մենթորների ցանցից, որը կազմված է հաջողակ ձեռնարկատերերից, ներդրողներից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներից: