12:33 | 30.09.15 | Նորություններ | 1473

ՀՀ-ում ստեղծվող սուպերկոմպյուտերային կենտրոնն առաջինն է տարածաշրջանում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) այսօր քննարկվել են Հայաստանում ազգային սուպերկոմպյուտերային կենտրոնի հիմնադրման հարցերը:

Միջոցառումն անցկացվել է «Կոմպյուտերային գիտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT- 2015) 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում:

Ստեղծվելիք կենտրոնը նպատակ ունի ՀՀ-ում եւ տարածաշրջանում զարգացնել եւ կիրառել բարձր արտադրողականությամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կատարել հիմնարար, կիրառական գիտական եւ արդյունաբերական հետազոտություններ՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների բնագավառում:

ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը նշել է, որ տարածաշրջանում նմանատիպ կենտրոն ստեղծվում է առաջին անգամ:

«Շուրջ մեկ տարի առաջ համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի նախարարությունների եւ ԳԱԱ-ի միջեւ: Այժմ սկսում ենք պիլոտային փուլը, որի ընթացքում մինչեւ 2016թ. մի շարք նախագծեր կիրականացնենք»,- ասել է Յուրի Շուքուրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն առաջնորդվում է տարբեր երկրների փորձով: Համագործակցում են նաեւ ֆրանսիական Թուլուզ քաղաքի ինֆորմատիկայի ինստիտուտի հետ:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ ասել է, որ Հայաստանը նոր մոտեցումներ պետք է ունենա ինովացիոն համակարգերի մշակման հարցում:

«Կոմպյուտերային գիտությունն այս օրերին աշխարհում շատ արագ տեմպերով է զարգանում, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաները: Քանի որ Հայաստանը հանդիսանում է կոմպյուտերագիտության զարգացման առաջատար երկրներից մեկը, ապա բնական է, որ Հայաստանում գործեն կոմպյուտերային այնպիսի համակարգեր, որոնք հնարավորություն տան լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ, երկրաշարժագիտության, եղանակի տեսության եւ այլ ոլորտներում»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: