Ռուբեն Համբարձումյանը
Paqqy-ի թիմը
12:17 | 06.07.15 | Հոդվածներ | exclusive 3334
Հայկական նորաստեղծ Paqqy համակարգը հնարավորություն է տալիս ճանապարհորդողների միջոցով ուղարկել եւ ստանալ փաթեթներ:
Համակարգը ստեղծվել է 2014թ. վերջին՝ Vertigo ընկերության թիմի կողմից:
Համահիմնադիրներն են Ռուբեն Համբարձումյանը, Դավիթ Հակոբյան Ալուջասը եւ Ռուբեն Հակոբյան Ալուջասը:
Ռուբեն Համբարձումյանը Itel.am-ին պատմում է, որ համակարգը լուծում է փոխադրումների խնդիրն անհատական մակարդակում:
«Անվանումն առաջացել է անգլերեն package («փաթեթ») բառից: Մենք որոշեցինք ստեղծել նոր բառ, որը կհիշեցնի package բառը, սակայն կլինի ավելի կարճ: Այսպես՝ ստեղծեցինք մինչ այժմ գոյություն չունեցող paq բառը, իսկ համակարգը կոչեցինք՝ Paqqy»,- նշում է նա:
Ռուբեն Համբարձումյանի խոսքով` նման հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը հասկացել են փոխադրումների խնդրին առերեսվելուց հետո:
«Անցած տարի, երբ պետք է մասնակցեինք Դուբլինի վեբ համաժողովին, փոխադրումների հետ կապված լուրջ խնդրի բախվեցինք: Անձնագրերն ուղարկել էինք Բուլղարիայում գտնվող Իռլանդիայի դեսպանատուն, վիզան ստացել էինք, սակայն պետք էր անձնագրերը հետ ուղարկել Երեւան, ինչը հնարավոր չէր, քանի որ առջեւում հանգստյան օրեր էին: Վերջապես գտանք մեկին, որը հաջորդ օրը Երեւան էր գալու, եւ, բարեբախտաբար, նա հասցրեց մինչեւ մեր թռիչքը բերել անձնագրերը»,- պատմում է Ռուբեն Համբարձումյանը:
Paqqy-ն ունի անվտանգության համակարգ, որը հնարավորություն է տալիս առցանց եղանակով հետեւելու փոխադրմանը, ինչպես նաեւ նվազագույնի է հասցնում փաթեթների պարունակության հետ կապված ռիսկերը:
Ներկայում Paqqy-ն Հայաստանում թեստավորում է անցնում:
«Կսկսենք Հայաստանից՝ հիմնականում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ ուղղություններով, ընթացքում կբարելավենք համակարգը եւ կտարածվենք այլ երկրներում եւս: Մեր հաջողության ցուցանիշը կլինի այն փաթեթների քանակը, որոնք կփոխադրվեն մեկ օրում»,- նշում է Paqqy-ի համահիմնադիրը:
Նա ընդգծում է, որ Paqqy-ի 3 հիմնաքարերն են արագությունը, անվտանգությունը եւ մատչելի գինը:
«Համակարգով փաթեթներ ուղարկել կամ ստանալը շատ պարզ է: Հարկավոր է գրանցվել, նշել, թե ինչ փաթեթ եք ցանկանում ուղարկել կամ ստանալ եւ որքան եք պատրաստվում վճարել դրա դիմաց: Համակարգում գրանցված փոխադրողներն իրենք կդիմեն ձեզ, եւ դուք հնարավորություն կունենաք ընտրել ձեզ հարմար տարբերակը: Կարելի է անել նաեւ հակառակը՝ գրանցել համակարգում ոչ թե փաթեթ, այլ երթուղի (օրինակ՝ Երևան-Մոսկվա), եւ համակարգն ինքը կառաջարկի փոխադրողին փաթեթներ, որոնք հնարավոր է «ձեռքի հետ» փոխադրել եւ գումար վաստակել»,- պատմում է Ռուբեն Համբարձումյանը:
Նա տեղեկացնում է, որ Paqqy-ն ամբողջովին պատրաստ կլինի հուլիսի վերջին: Առաջիկա երկու ամիսներին կգործարկվի նաեւ մոբայլ հավելվածը՝ iOS եւ Android սարքերի համար:
Նարինե Դանեղյան