15:38 | 13.05.15 | Նորություններ | 2682

Գործարկվել է «Ես գիտեմ. բանակ եւ իրավագիտություն» խաղը

Այսօր տրվել է «Ես գիտեմ. բանակ եւ իրավագիտություն» կրթական խաղի մեկնարկը, որը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության, ԱՄՆ դեսպանության, Dasaran կրթական ծրագրի եւ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Խաղը մասնակիցներին կծանոթացնի ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, բանակում գործող օրենսդրական կարգին եւ իրավական կանոնակարգերին:

«Մեր պետականաշինության հիմքում պետք է լինի կրթված, իրազեկ քաղաքացին: Մարդու իրավունքներին տիրապետելը գերակա խնդիրներից է»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, իր հերթին, նկատել է, որ Հայաստանի ապագան երեխաներինն են, իսկ այդ ապագան մեծապես կախված է այն բանից, թե որքանով են նրանք տիրապետում իրենց իրավունքներին ու պարտականություններին: Դեսպանի խոսքով՝ խաղը կնպաստի այդ գիտելիքների ձեռքբերմանը:

«Այս խաղը միտված է ավելի լավ քաղաքացի եւ մարդ դաստիարակելուն»,- ասել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

«Ես Գիտեմ» ինտելեկտուալ-կրթական խաղը բաղկացած է 5 հիմնական բաժնից՝ ՀՀ սահմանադրական իրավունք, ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքներ, ՀՀ օրենքներ երեխայի իրավունքների մասին, ՀՀ զինվորական օրենսդրություն, ՀՀ քրեական օրենսգիրք: