14:00 | 07.05.15 | Նորություններ | 1489

Մեկնարկել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) սկսել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակում օրեր առաջ կնքվել է առաջին համաձայնագիրը:

Ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է ԻՏՁՄ-ի, ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի եւ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության միջեւ:

«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի նպատակն է ՏՏ ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ՝ բարձրացնելով դպրոցականների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը: Դրա շրջանակում ՏՏ ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաեւ հյուրընկալում դպրոցականներին՝ նրանց համար բացահայտելով բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

«Հնարավոր չէ ակնկալել ՏՏ ոլորտի ավելի բարձր աճ, քան ներկայիս 20-22%-ն է, քանի դեռ չենք փոխել հանրային մտածողությունը հանուն արժեքային համակարգերի, ստեղծարար արժեքների, կրթության եւ գիտելիքի նկատմամբ հատուկ վերաբերմունքի։ Այս նպատակի իրագործման լավագույն հարթակը դպրոցն է»,- ասել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

ԻՏՁՄ-ում հույս են հայտնել, որ եթե Հայաստանում գործող 500-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններից յուրաքանչյուրն «իր հովանու ներքո վերցնի 1 դպրոց, մի քանի տարի անց կբազմապատկվի արդի աշխարհայացքով եւ հաստատակամ երիտասարդների թիվը»: