11:32 | 17.04.15 | Հոդվածներ | exclusive 3920

Demo Day-ին ընդառաջ. LinguaCode` ծրագրավորում պատանիների համար

Տարեսկզբին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը կազմակերպել էր «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրը, որին մասնակցում էր տեղական 7 ստարտափ:

2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի «Դեմո օրը» (Demo Day), որի ընթացքում թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները հայ եւ արտասահմանցի ներդրողներին ու ձեռներեցներին:

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը հաջորդաբար ներկայացնում են 7 ստարտափների զարգացման պատմությունը:

LinguaCode. Ծրագիրը բազմալեզու միջավայր է, որի նպատակն է վաղ տարիքից երեխաներին ծանոթացնել ծրագրավորման հմտություններին:

Այստեղ երեխաները կարող են C#-ի հիման վրա աշխատող լեզվի օգնությամբ ծրագրավորում սովորել:

Հարթակը մշակել են Արման Եղիազարյանը, Աղվան Ափոյանը, Միքայել Նալբանդյանը եւ Վանուհի Դավթյանը:

«Ես միշտ ցանկացել եմ ծրագրավորման հիմունքներ սովորեցնել 10-14 տարեկան երեխաներին: Իմ կարծիքով՝ այսօր աշխարհում ամեն ինչ զարգանում է այնպիսի արագությամբ, որ ինչքան շուտ սկսենք սովորել շուկայում մեծ պահանջարկ ունեցող որոշակի հմտություններ, այնքան կշահենք»,- Itel.am-ի հետ զրույցում նշում է Աղվան Ափոյանը։ 

Նա պատմում է, թե ինչպես են Արման Եղիազարյանի հետ այս գաղափարով 2014թ. մասնակցել Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]-ին եւ արժանացել մրցանակի։

«Հեքըթոնում մրցանակի արժանանալը մեզ ավելի շատ ոգեւորեց եւ հիմք դարձավ, որ այլ ծրագրերի եւս դիմենք եւ զարգացնենք գաղափարը»,- ասում է Աղվան Ափոյանը։

«ՄԻԿ աքսելերացիա»-ի ծրագրի շրջանակում նրանց են միացել նաեւ back-end ծրագրավորող Միքայել Նալբանդյանը եւ վեբ դիզայներ Վանուհի Դավթյանը:

Արման Եղիազարյանի խոսքով՝ իրենց մշակած միջավայրում ծրագրային կոդը գրվում է մայրենի լեզվով։ Երբ պատանին արդեն տիրապետում է ծրագրավորման բազային գիտելիքներին, հնարավորություն է ստանում յուրացնել ծրագրավորման պրոֆեսիոնալ լեզուները։

«Ծրագրի ընթացքում ստացել ենք արժեքավոր խորհրդատվություն նախագծի տեխնիկական եւ բիզնես հարցերի շուրջ: Ընթացքում հանդիպել ենք այնպիսի խոչընդոտների, որ շատերի կարծիքով՝ անհնար կլիներ հաղթահարել։ Սակայն հիմա համոզված եմ, որ չկա այնպիսի խնդիր, որ չունենա լուծում։ Չնայած այն հանգամանքին, որ մինչ ծրագրի մեկնարկը մեր թիմի անդամներն իմ համակուրսեցիներն էին եւ ընկերները, ճանաչեցինք միմյանց թե՛ լավ, թե՛ վատ կողմերը։ Հասկացանք, թե ինչ է նշանակում «լինել թիմ»։ Սովորեցինք աշխատել միմյանց հետ, լսել եւ հասկանալ մեկս մյուսին եւ գալ ընդհանուր հայտարարի»,- նշում է Արման Եղիազարյանը: 

LinguaCode հարթակը ամբողջությամբ պատրաստ կլինի մինչեւ ապրիլի 26-ը: