17:22 | 16.04.15 | Նորություններ | 4075

Digicode մրցույթ՝ դպրոցականների համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ:

Մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմական մտածողությունը եւ ստեղծագործականությունը, ինչպես նաեւ բացահայտել տաղանդավոր պատանիներին։

«2013 թ. մեկնարկած «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրում ներգրավված է ավելի քան 800 աշակերտ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «Այբ» դպրոցի սաները եւս կիրառում են Scratch («Աղվես»), K-Turtle («Կրիա») ծրագրերը, որոնք կարճ ժամանակում հասցրեցին սիրվել նրանց կողմից, ուստի սկսեցինք նոր մրցույթ՝ հենց  Scratch («Աղվես») սիրահարների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի ղեկավար Շուշան Գրիգորյանը:

Նա նշել է, որ Scratch եւ K-Turtle ծրագրերը մշակվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից:

«Աշխարհի թվային հեղաշրջումը մրցակցային նոր մարտահրավերներ է նետում, որտեղ կոդավորումն օտար լեզվի իմացության պես անհրաժեշտ է դառնում: Մենք իրավունք չունենք մեր երեխաներին զրկել այդ հնարավորությունից՝ սկսած դպրոցական տարիքից: Հույս ունենք, որ Հայաստանի եւ Սփյուռքի կրթական հաստատություններն ակտիվորեն կներգրավվեն եւ ցույց կտան, որ մեր պատանիներն ու աղջիկները շարժվում են արդի համաշխարհային միտումներին համընթաց»,- իր հերթին նշել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանն էլ կարեւորել է դպրոցական տարիքից երեխաներին տեխնոլոգիական զարգացմանը հաղորդակից դարձնելը:

Digicode-ին կարող են մասնակցել ինչպես դպրոցահասակ երեխաները, այնպես էլ ոչ դպրոցականներ: Խմբակավարներն ու աշակերտները կմրցեն տարբեր անվանակարգերում:

Մրցույթի հաղթողներին սպասվում են դրամական պարգեւներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ ՏՏ ընկերություններում պրակտիկայի հնարավորություն:

Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: