10:53 | 27.03.15 | Նորություններ | 2914

Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015»-ը կանցկացվի Հայաստանում

Ռուսաստանի համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի շրջանակում առաջին գործնական հանդիպումը տեղի կունենա «Այբ» դպրոցում ապրիլի 1-ին:
 
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը, եւ տեղի կունենա նոր սերնդի ձեւավորման եւ «ուղեղների» արտահոսքի խնդրի թեմաների շուրջ քննարկում:
 
Ռուսաստանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կծանոթանան կրթական նոր լուծումներին, կկարողանան նոր բիզնեսի հնարավորություններ ու համագործակցության ուղիներ գտնել, նոր կապեր հաստատել տեղի ընկերությունների հետ:
 
Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն կանցկացվի ապրիլի 1-3-ը: Համաժողովին մասնակցելու են Ռուսաստանից ժամանած մոտ 100 առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
 
Համաժողովը Ռուսաստանի ՏՏ ընկերակցության հիմնական միջոցառումն է եւ անցկացվում է 2003-ից։
 
ՏՏ համաժողովի հիմնական նպատակն է ամփոփել ՌԴ ՏՏ ոլորտի նախորդ տարվա արդյունքները, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին օժանդակելու հայկական եւ ռուսական քայլերի արդյունավետությունը, ՏՏ բիզնեսի հնարավորությունները  նոր պայմաններում, ՏՏ բիզնեսում փոխըմբռնման հեռանկարները, ինչպես նաեւ կրթությանը վերաբերող հարցեր:

 
Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու Հայաստանում գործող ՏՏ կազմակերպությունների հետ եւ գտնելու համագործակցության եզրեր:
 
«ՏՏ գագաթնաժողով 2015»-ի կազմակերպիչներն են Ռուսաստանի համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցությունը (АПКИТ) եւ Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Հայաստանյան գործընկերն է «Այբ» կրթական հիմնադրամը: