15:22 | 23.03.15 | Նորություններ | 4811

Մեդիամաքս-ը եւ Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր Երեւանում ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«100 վայրկյան» նախագիծը հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի Ազգային արխիվի կողմից: Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց՝ գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին, առաջարկվել էր կարդալ 100 վայրկյան տեւողությամբ հատվածներ վկայություններից:

Ընդանուր առմամբ, նկարահանվել են 24 տեսահոլովակներ, որոնք մարտի 23-ից ապրիլի 23-ը ներկայացվելու են www.mediamax.am/100seconds հղումով եւ Youtube-ում բացված ալիքում:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության գլխավոր հովանավորն է, իսկ post-production աշխատանքները կատարել է «Թումո» ընկերությունը:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր նպատակը աշխարհի մարդկանց ուշադրությունը գրավելն է այն սոսկալի տառապանքներին, որոնց 100 տարի առաջ կրել են հայերը: Այդ վկայությունները հեշտ չէ կարդալ եւ լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն ինչ՝ նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար: Մեր նախագիծը կոչված է հերքել Ադոլֆ Հիտլերի այն խոսքերը, որոնք նա ասել էր 1939 թ-ին՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ. «Եվ ո՞վ է այսօր հիշում հայերի վերացման մասին», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

«Երբ խոսում ենք 1,5 միլիոն զոհերի մասին, երբեմն չափազանց վիճակագրորեն ենք մոտենում ողբերգությանը՝ մոռանալով, որ այդ 1,5 միլիոնը կոնկրետ մարդիկ էին եւ գործ ունենք միլիոնավոր մարդկային ողբերգությունների հետ: Ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ անձնական ողբերգություն էր», - ասել է նա:

Խոսելով նախագծի՝ վկայությունը 100 վայրկյանում տեղավորելու ֆորմատի մասին, Մեդիամաքսի տնօրենը նկատել է, որ «ժամանակակից աշխարհում մատուցման ձեւը նույնքան կարեւոր է, որքան բովանդակության որակը»:

«Ցավոք, այսօրվա կյանքի ռիթմն այնպիսին է, որ մարդիկ ժամանակ չունեն ամբողջական վկայություններ կարդալու, իսկ 100 վայրկյանի ֆորմատը թույլ է տալիս ներկայացնել այն, ինչ ցանկանում ենք», - ասել է նա:

Արա Թադեւոսյանը շնորհակալություն է հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը՝ նախագծի գլխավոր գործընկերոջ դերում հանդես գալու համար եւ տարբեր երկրներում նկարահանումների կազմակերպման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար:

«Հնարավոր թյուր ընկալումը բացառելու համար ասեմ, որ նախագծի բոլոր մասնակիցները վկայությունները կարդացել են առանց որեւէ վարձատրություն ստանալու», - ընդգծել է Մեդիամաքսի տնօրենը:

Արա Թադեւոսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Թումո» ընկերության տնօրեն Վիգեն Թումանյանին, դիզայներ Վահան Բալասանյանին՝ նախագծի լոգոն մշակելու համար եւ երգահան ու երաժիշտ Սերժ Մելքոնյանին՝ անչափ կարեւոր տեխնիկական աջակցության համար:

«Վերջին 10 տարի ընթացքում մենք Մեդիամաքսի հետ համատեղ շատ նշանակալի նախագծեր ենք իրականացրել, սակայն այս մեկը յուրահատուկ է, քանի որ պետք է աշխարհին հիշեցնի հայոց պատմության սարսափելի էջի մասին: Մենք շնորհակալ ենք տարբեր ազգության մարդկանց, ովքեր մասնակցեցին այս նախագծի, եւ դրանով ապացուցեցին, որ Ցեղասպանության խնդիրը միայն հայերին չէ վերաբերում», - շնորհանդեսին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս նախագիծը մի պատգամ է քաղակակիրթ աշխարհին, որ չպիտի մոռանանք, պիտի հիշենք, պատմենք ու հիշեցնենք բոլորին ու եթե չդատապարտենք կատարվածը՝ կքաջալերենք նոր ցեղասպանությունները», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդիամաքսին՝ «100 վայրկյան» նախաձեռնության համար:

Նա հիշեցրել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը կառուցվում է չորս հիմնական սյուների շուրջ՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար եւ վերածնունդ:

««100 վայրկյան» նախագիծը մեծ ներդրում է «հիշողություն» բաժնում: Ցեղասպանությունը վերապրածների պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունի, որովհետեւ այդպիսով կարող ենք ցույց տալ, թե ինչպես է այս հանցագործությունը մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք», - ասել է Վիգեն Սարգսյանը:

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, որը պարբերաբար կանգնում է նման կարեւորագույն նշանակություն ունեցող սոցիալական նախաձեռնությունների կողքին: Տվյալ դեպքում ունենք արդյունք, որը նաեւ կարեւոր է նրանով, որ նախագծի մասնակիցները առանց որեւէ վճարի՝ օգտագործելով իրենց բարի համբավն ու ճանաչելիությունը, նպաստել են մեր պատմությունը ավելի լսելի դարձնելու գործին: Որպես պետական հանձնաժողովի համակարգող ողջունում եմ նախագիծն ու բոլորին խնդրում եմ աջակցել դրա նյութերի տարածմանը», - ասել է Վիգեն Սարգսյանը: