14:03 | 12.03.15 | Նորություններ | 5283

Ազդարարվել է ArmNet Awards 2015-ի մեկնարկը

«Օրանժ Արմենիա»-ն, Maeutica բրենդային գործակալությունն ու «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն այսօր հայտարարել են ամենամյա՝ 5-րդ ArmNet Awards-ի մեկնարկի մասին:

Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերը ներկայացնել այսօրվանից մինչեւ մարտի 26-ը:

«2010-ից Orange-ը ArmNet Awards-ի համահիմնադիրներից է եղել, ուրախ ենք, որ արդեն հինգերորդ տարին է՝ շարունակում ենք աջակցել նախագծին: Հինգ տարիների ընթացքում նախագիծը զգալիորեն նպաստել է հայկական ինտերնետ բովանդակության զարգացմանը: Մեծ առաջընթաց կա նաեւ հայալեզու բովանդակության ստեղծման եւ որակի առումով»,-ասել է «Օրանժ Արմենիա»-ի բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նա նկատել է, որ այս տարիների ընթացքում Հայաստանում ավելացել է ինչպես լայնաշերտ ինտերնետից, այնպես էլ սմարթֆոններից օգտվողների թիվը:
 
«Այժմ մեր հեռախոսասարքերի վաճառքի 86%-ը կազմում են սմարթֆոնները, մինչդեռ 2010թ. դրանք ընդամենը 3%-ն էին կազմում»,- նշել է նա:

Maeutica բրենդային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանի փոխանցմամբ՝   ArmNet Awards 2015-ի մասնակիցները կմրցեն «Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն եւ հարմարավետություն» եւ «Հասարակական ազդեցություն» անվանակարգերում:

Գլխավոր մրցանակն այս տարի կտրվի երկու անվանակարգերի համար՝ լավագույն բջջային հավելվածի եւ լավագույն վեբ կայքի համար: Կանցկացվի նաեւ ավանդական դարձած ArmNet համաժողովը:

ArmNet Awards 2015-ի ժյուրին կուսումնասիրի մինչեւ մարտի 26-ը ներկայացված բոլոր նախագծերը եւ մարտի 30-ին կհրապարակի յուրաքանչյուր անվանակարգի հավակնորդների անունները: Ժյուրիի կազմը կգլխավորի Սամվել Մարտիրոսյանը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Սաղյանը կարեւորել է համացանցում հայկական բովանդակության առկայությունը եւ նշել, որ այս տարի «Ինտերնետ հանրություն»-ը սկսելու է գրանցել նաեւ մեսրոպատառ ՝ «.հայ» վերջավորությամբ դոմեյնային անուններ: