17:42 | 05.03.15 | Նորություններ | 1516

Տեսագովազդի նոր տեխնոլոգիա՝ Հայաստանում

Հայկական Betanet ընկերությունը (MediaRoll ապրանքանիշ) մշակել է սեփական HTML 5 ձեւաչափի տեսանվագարկիչ:

Մեդիամաքսի Adver.am կայքի հետ զրույցում Betanet-ի գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանը պատմել է ընկերության գործունեության եւ իրենց մշակած տեխնոլոգիայի առանձնահատկությունների մասին:

Տեխնոլոգիայի մշակման մասին

«Տեսագովազդի ոլորտում հաճախ օգտագործվում էր «ֆլեշ» (flash) տեխնոլոգիան, որը որոշակի խնդիրներ ունի հատկապես մոբայլ սարքավորումների հետ աշխատանքում: Մեր մշակած փլեյերը հնարավորություն է տալիս խուսափել այդ ամենից: Այն նաեւ «ռեսփոնսիվ» է (responsive), այսինքն չափերն անմիջապես փոփոխվում են՝ կախված սարքի էկրանի որակական չափանիշներից»,- պատմել է Սամվել Բեկթաշյանը: 

Կայքի տեսանվագարկիչը որպես գովազդակիր օգտագործելու մի քանի տարբերակ կա: Դրանցից առավել արդյունավետը, հետեւաբար՝ ամենատարածվածը pre-roll-ն է: Այս դեպքում գովազդային հոլովակը մեկնարկում է ավտոմատ, երբ կայքի այցելուն սեղմում է Play կոճակը՝ ցանկալի տեսանյութը դիտելու համար: Ընթացքում ցուցադրվում է մինչեւ հոլովակի ավարտը մնացած ժամանակի հետհաշվարկը վայրկյաններով, ինչպես նաեւ՝ այն բաց թողնելու կոճակը: Վերջինը հայտնվում է մեկնարկից որոշակի ժամանակ անց միայն:
Այս տարբերակի գլխավոր առավելությունն այն է, որ գովազդը ցուցադրվում է հենց այնտեղ, որի ուղղությամբ կենտրոնացած է դիտողի ուշադրությունը: Կարեւոր է նաեւ այն, որ այցելուն գովազդի որոշակի հատված, այնուամենայնիվ, հասցնում է դիտել մինչեւ անջատելը:

Սամվել Բեկթաշյանը նշել է, որ ընկերության սերվերները պատրաստ են մատուցել նաեւ տեսագովազդի mid-roll, pause-roll եւ post-roll տեսակների ծառայություններ:

«Միջազգային ստանդարտներով ենք առաջնորդվում, ուստի գովազդի մեկնարկից 5 վայրկյան անց այն կարելի է շրջանցել (skip) եւ անցնել բուն տեսանյութի դիտմանը: Սկզբում գովազդի պարտադիր մասը 3 վայրկյան էր, այսօր արդեն 5 վայրկյան է: Չենք պատրաստվում ո՛չ ավելացնել, ո՛չ էլ պակասեցնել այս ժամանակահատվածը: Եթե պակասեցնենք, կվնասենք գովազդատուին, եթե ավելացնենք՝ կայքերին»,- ասել է նա: 

Տեսագովազդի պատմության մասին

Տեսագովազդի տեսակը շուկայում նորություն չէ: 2006-2007 թթ. այն սկսել է լայնորեն տարածվել աշխարհում՝ Youtube-ի, Vimeo-ի տարածմանը զուգահեռ: Այդ ժամանակ մարքեթոլոգները հայտնաբերել են, որ մարդիկ պատրաստ են տեսանյութեր դիտել համակարգչի առջեւ, ինչից էլ, բնականաբար, սկսել են օգտվել գովազդատուները:

«Ինտերնետային տեսագովազդի հարցում Հայաստանում առաջինն ենք եղել: 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին սկսեցինք իրականացնել տեխնիկական աշխատանքներ: Արդեն 2014թ. մարտին ավարտեցինք թեստավորման փուլը եւ շուկա մտանք: Շուկան՝ թե՛ կայքերը եւ թե՛ գովազդատուները, մեր սպասվածից թույլ արձագանքեցին: Երեւույթը նոր էր, պետք էր նախ մարդկանց տեղեկացնել, ստեղծել պահանջարկ եւ հետո միայն բավարարել այն: Իրականում Հայաստանում տեխնոլոգիական դաշտում դժվար է անծանոթ պրոդուկտը միանգամից շուկա մտցնել»,- պատմել է Սամվել Բեկթաշյանը:   

Ինտերնետ վիդեոգովազդը հեռուստատեսայինի նկատմամբ մի շարք առավելություններ ունի: Դրանք են՝ թիրախավորումը՝ ըստ այցելուների, ժամանակի եւ աշխարհագրության, թիրախի հետ երաշխավորված կոնտակտը, արդյունավետության գնահատումը՝ ըստ հստակ թվային ցուցանիշների, հոլովակների եւ գովազդային արշավների կառավարման պարզությունն ու ինտերակտիվությունը:

Ապագայի ծրագրերի մասին

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Betanet-ի գործադիր տնօրենը նշել է, որ ստացել են պրոդուկտն արտասահմանում մշակելու եւ ապա այն՝ Հայաստան ներմուծելու առաջարկներ: Սակայն իրենք ցանկացել են սկսել հենց Հայաստանում: Միաժամանակ՝ բանակցում են մի շարք միջազգային կազմակեպությունների հետ, որպեսզի պրոդուկտը կիրառվի նաեւ այնտեղ:

Նրա խոսքով՝ իրենց առաջիկա խնդիրն է ստեղծել համակարգ, որի օգնությամբ տեսագովազդը կցուցադրվի նաեւ մոբայլ սարքերում: Այս քայլը հաջողելու դեպքում ակնկալվում է, որ ընկերությունը միջազգային շուկայում մեծ առաջխաղացում կարձանագրի:

Հ.Գ. Betanet-ի մշակած տեխնոլոգիան կիրառվում է նաեւ Mediamax-ի Bravo.am նախագծի տեսանյութերի բաժնում:

Նարինե Դանեղյան