15:54 | 24.02.15 | Նորություններ | 1676

CeBIT ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա մեկ տաղավարով

Մարտի 16-20 Գերմանիայի Հանովեր քաղաքում տեղի կունենա ՏՏ ոլորտի միջազգային CeBIT 2015 ցուցահանդեսը: 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ) նշել են, որ իրենց ղեկավարությամբ եւ Նիդեռլանդների ԱԳՆ-ի Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ Հայաստանն այս տարի ցուցահանդեսում կներկայացվի միասնական մեկ տաղավարով:

Հայաստանը կներկայացնեն Volo, Altacode, E-Works, IU Networks, Technology and  Science Dynamics, Web, Locator, Instigate եւ VTG Software ընկերությունները:

«Մենք ավանդաբար մասնակցում ենք Եվրոպայի այս խոշորագույն ցուցահանդեսին, սակայն այս տարին առանձնահատուկ է: Մենք մասնակցում ենք առանձնացված հայկական տաղավարով՝ Surprising Engineering եւ Why Armenia խորագրի ներքո»,- ասել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

CeBIT ցուցահանդեսում ներկայացվում են թվային տեխնոլոգիաների ոլորտի վերջին լուծումները ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների եւ միջազգային ընկերությունների կողմից: Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 4000 ընկերություն 70 երկրից եւ ավելի քան  300 հազ. այցելու աշխարհի 110 երկրից: