12:56 | 21.02.15 | Նորություններ | 1178
2009-ից սկսված թվային հեռուստահեռարձակման աշխատանքների հիմնական մասն ավարտված է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նշել են, որ պայմանագրով նախատեսված սարքավորումների ամբողջ խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն օրենքով սահմանված ժամկետներում` մինչեւ 2015թ. հուլիսը:
Հաստատված է թվայնացման տեխնիկական համակարգերի հայեցակարգը, մրցույթների արդյունքում ընտրվել են աշխատանքներն իրականացնող գործընկերները, ինչպես նաեւ ապրանքների, տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման մատակարարները:
«Ավարտման փուլում են արդեն մեր ենթակառուցվածքային փոփոխությունների աշխատանքը Հայաստանի Հանրապետության տարածքում. դրանք նոր հեռարձակման լրացուցիչ կայաններ են, որոնք անհրաժեշտ են ծածկույթի ամբողջականությունն ապահովելու համար», - ասել է «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Ներկայում իրականացվում է փորձնական թվային հեռարձակում, որը հասանելի է Երեւանում, Շիրակի մարզի 73 (այդ թվում` Գյումրիում), Արագածոտնի մարզի 44, Արարատի մարզի 84, Արամավիրի մարզի 95, Կոտայքի մարզի 44, Լոռու մարզի 8 (այդ թվում` Վանաձորում) եւ Տավուշի մարզի 30 (այդ թվում՝ Իջեւանում) բնակավայրերում:
«Թվայնացման գործընթացներն աշխարհի տարբեր երկրներում կատարվել են սկզբունքորեն տարբեր տեխնիկական լուծումների հիման վրա: Հայաստանը հստակ ընտրել է մի ձեւաչափ, որն ընդունված է եվրոպական հեռարձակման գոտում. դա DVB հեռարձակման տարբերակն է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մոտ 65-66 տոկոսով բնակչությանը հասանելի է թվային հեռուստահեռարձակումը»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Ի՞նչ է հարկավոր հեռուստադիտողին թվային հեռուստաալիքներ դիտելու համար
Ժամանակակից հեռուստացույցները անալոգի հետ միաժամանակ կարող են ընդունել նաեւ DVB երկու ստանդարտի ազդանշանները: Այդպիսի հեռուստացույց ունեցող քաղաքացիներին հարկավոր է նույն անալոգային մեթոդով համալրել թվային ալիքները:
«Մեր այն քաղաքացիները, որոնց հեռուստացույցները չունեն DVB-T2 ընդունիչ բաղադրիչներ, նրանք պետք է իրենց տեխնիկական սարքը համալրեն Set-top box-ով. դա կցուրդ սարք է, որն ապահովում է այս ազդանշանի ապակոդավորումը: Այս սարքերն արդեն կարծես թե հայկական շուկայում կան եւ վաճառքի տարբեր կետերում վաճառվում են»,- ասել է Գրիգոր Ամալյանը:
Նա ընդգծել է, որ իրենք առաջնորդվելու են սոցիալական մոտեցմամբ, եւ ներկա անալոգային բոլոր հեռուստաալիքները չեն դառնալու վճարովի: Տեխնիկական վերազինման անհրաժեշտության պարագայում էլ հաշվի է առնվելու հարցը, թե ինչպես պետք է լուծվի սոցիալապես անապահով մարդկանց խնդիրը:
Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին եւ Երեւանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք: