Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը
10:12 | 14.02.15 | Հոդվածներ | exclusive 17970
Հայ ծրագրավորողների մշակած Zangi հավելվածը հնարավորություն է տալիս նույնիսկ շատ թույլ ինտերնետի դեպքում բարձրորակ վիդեո եւ աուդիո զանգեր իրականացնել, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով եւ տեսանյութերով:
Այն հասանելի է Android եւ iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար:
Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը Itel.am-ի հետ զրույցում պատմել է, որ հավելվածի ստեղծման գաղափարն առաջացել է շուրջ 5 տարի առաջ, երբ սմարթֆոնների «հեղափոխությունը» դեռ նոր էր սկսվում:
«Չորս տարի շարունակ զարգացրել ենք Zangi-ն: Այդ ժամանակ Viber-ը եւ Tango-ն նոր էին շուկա մտել, իսկ Skype-ը մոբայլ սարքերով չէր աշխատում: Որոշեցինք հեռահաղորդակցության նոր տեսակի օպերատոր ստեղծել: Ժամանակ պահանջվեց, որպեսզի թիմը գիտելիք եւ փորձ ձեռք բերի, իսկ ավելի ուշ սկսեցինք դիմել ֆինանսավորման տարբեր աղբյուրների: Արտասահմանից պատվերներ էինք ստանում, որին զուգահեռ նաեւ թիմն էր ավելանում: Այդ ընթացքում մեկնարկի համար անհրաժեշտ որոշակի գումար հավաքվեց»,- պատմում է նա:
Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր իրենք տեսազանգերի որակի տեսանկյունից համարվում են համաշխարհային առաջատարներից մեկը:
«Skype-ին, օրինակ, բազմաթիվ ֆիզիկական բնորոշիչներով գերազանցում ենք: Տեսազանգերի ոլորտում աշխարհում առաջինն ենք մոբայլ սարքերի վրա կիրառում 720p ստանդարտը: Օրինակ, Skype-ի պարագայում մինչ օրս կիրառվում է 480p-ն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ի տարբերություն Viber-ի ու մյուս հավելվածների՝ իրենք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոչ թե զվարճանքի, այլ հարմարավետության գործառույթի վրա:
Zangi-ի ստեղծողները փորձում են նաեւ նորարարություններով հանդես գալ: Դրանցից է, օրինակ, ձախլիկների համար նախատեսված ստեղնաշարի գործառույթը, որը հավելվածից օգտվելն ավելի հեշտ է դարձնում:
Մի քանի ամսից պատրաստ կլինի նաեւ Zangi-ի համակարգչային տարբերակը:
Ներկայում Zangi-ն արտոնագրման գործընթացում է: Փետրվարի վերջին Սիլիկոնյան հովտում այն ներկայացվելու է մի շարք միջազգային ներդրողների եւ ընկերությունների: