10:12 | 06.02.15 | Նորություններ | 3888

PicsArt-ը $10 մլն ֆինանսավորում է ստացել Sequoia Capital-ից

Հայ մասնագետների մշակած PicsArt մոբայլ հավելվածը, որը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, շարունակում է գրավել ներդրողների ուշադրությունը:

200 մլն օգտատեր ունեցող եւ շահութաբեր PicsArt-ը հայտարարել է, որ ամերիկյան Sequoia Capital վենչուրային ընկերությունից $10 մլն ֆինանսավորում է ստացել, գրում է Venturebeat-ը:

«Ես իմ ներշնչանքը ստանում եմ աղջկանիցս, նա սիրում է ստեղծագործել, նա արտիստ է,- VentureBeat-ի հետ զրույցում ասել է PicsArt-ի հիմնադիր եւ տնօրեն Հովհաննես Ավոյանը: -Հրաշալի կլինի ունենալ այնպիսի հավելված, որը թույլ կտա մարդկանց աղջկաս պես ստեղծարար լինել»:

Հովհաննես Ավոյանը նշել է, որ PicsArt-ը սոցիալական ցանց չէ, այն ավելի շատ նման է նկարների համար նախատեսված YouTube-ի:

Խոսելով YouTube-ի մասին՝ Հովհաննես Ավոյանն ասել է, որ ընկերությունը մոտ ապագայում աշխատելու է նաեւ տեսանյութերի ուղղությամբ, սակայն հիմնական ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ լուսանկարները:

Նոր ֆինանսավորումը PicsArt-ին հնարավորություն կտա գործընկերային կապեր հաստատել Sequoia Capital-ի հետ եւ կենտրոնանալ զարգացման ուղղությամբ: Ընկերությունը ֆինանսավորումը կօգտագործի նաեւ Սան Ֆրանցիսկոյի իր նորաբաց գրասենյակն ընդլայնելու համար:
Հովհաննես Ավոյանը PicsArt-ը հիմնել է 2011թ. նոյեմբերին Կալիֆոռնիայում: Հավելվածի ներբեռնումների թիվը բոլոր հարթակներում այսօր հասնում է 175 մլն-ի, իսկ ամսական ակտիվ օգտատերերի թիվը 45 մլն է:

PicsArt-ը ֆոտոխմբագրիչ է եւ միավորում է արվեստասերներին: Այն համարում են Photoshop-ի եւ Instagram-ի խառնուրդ: