ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
18:36 | 10.12.14 | Նորություններ | 3273
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ հրավիրված Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովին:
«Բիզնեսի համար ոչ խտրական պայմանների ապահովումը, մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների պատշաճ զսպումը» ելույթում Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է տնտեսական առողջ մրցակցության խնդրին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում շուկայի ներկայացուցիչների ներուժի օգտագործման, ինչպես նաեւ ընկերության ամենօրյա գործունեության մեջ տնտեսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ աշխատելով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների մրցակցային շուկայում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ հնարավոր է ծավալել գործունեություն, ձեռք բերել եւ պահպանել շուկայի առաջատարի դիրքեր՝ առանց խախտելու մարդու իրավունքները ամենօրյա բիզնես-գործընթացների իրականացման ժամանակ:
«Իր գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ կան գործընթացներ, որոնք կարող են իրականացվել ընկերությունների կազմակերպական մակարդակում, ներառյալ ISO 26000 ստանդարտի ընդունումը՝ գործարար էթիկայի եւ արդար մրցակցության կանոններին հետեւելու, մարդու իրավունքների, մասնավորապես՝ սպառողի եւ աշխատակիցների իրավունքների պահպանման, օրենքի պահպանման եւ հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: